Որոշ երկրներ չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ մտահոգվում են Թուրքիայի հետ հարաբերություններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի եւ ցեղասպանության իրավունքի ճանաչված մասնագետ Վիլիամ Շաբասը, որն այս օրերին գտնվում է Երեւանում:
«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի համաշխարհային մակարդակով: Դժվար է, որ բոլոր երկրները ընդունեն սա իրավական առումով ոչ այն պատճառով, որ չգիտեն, թե 1915թ.-ին ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ մտածում են Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Պետք է շարունակել պայքարը»,- ասել է Վիլիամ Շաբասը:
Ցեղասպանագետի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիայում կան մարդիկ, որոնք ընդունում են Ցեղասպանությունը: Խնդիրը, ըստ Շալասի, այն է, որ Թուրքիայի կառավարության համար ցավոտ է ընդունել Ցեղասպանության փաստը. «Երբ հասնենք նրան, որ այս ամենը որակվի որպես մարդկության դեմ հարցանք, այդ ժամանակ իմ կարծիքով չի բացառվում՝ Թուրքիան ընդունի իր կատարածը»: