News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչպիսին ոստիկանապետն է այդպիսին էլ իր ղեկավարած կառույցն է եւ ուղղակի զարմանալ կարելի է, երբ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ այդպիսի անտակտ հայտարարություններով է հանդես գալիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքին:

«Ոստիկանապետը չի էլ կարողանում իր մտքերը կառուցել, երբ լրագրող է տեսնում, ատելությունն ուղղակի դեմքից ու աչքերից թափվում է եւ իր համար ուղղակի կարեւոր է վիրավորել լրագրողներին: Ընդ որում, ոչ թե սուր հարց տվողներին, այլ հավաքված բոլոր լրագրողներին: Այսպիսի ոստիկանապետ ունենալով, այդ կառույցը պետք է գործի նույնչափ լկտի, ինչպես գործել է 2015-ի հունիսի 23-ի դեպքերի ժամանակ»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ոոստիկանությունն այնքան է լկտիացել, որ երբ որեւէ հավաքի ժամանակ լրագրողների է տեսնում, համարում է, որ արդեն դրանով իրենց գործունեությունն է խոչնդոտվում, որովհետեւ ուզում են որքան հնարավոր է պակաս ինֆորմացիա դուրս գա այդտեղից:

«Սա արդեն գործելակերպ է դարձել եւ արդեն տեսախցիկը տեսնելիս շտատիվը վերցնում տալիս են գետնին ջարդում են, որպեսզի օպերատորը չկարողանա աշխատել: Ըստ երեւույթին, ասել են բոլոր գներով թույլ չտաք, նրանք էլ ինչ մտածելակերպը թույլ է տալիս, արել են: Ծիծեռնակաբերդում Վլադիմիր Գասպարյանին հարց են տալիս եւ պարզաբանում են խնդրում, թե ինչ է տեղի ունեցել ակցիայի ժամանակ, իսկ նա, չգիտես ինչու, հիշում է հանրաքվեի օրվա որոշ դեպքեր, երբ որոշ մարդկանց լրագրողի բեյջեր են բաժանել: Դա ինչ կապ ունի հարցի հետ, չես հասկանում:

Նրա տարօրինակ խոսքը, թե լրագրողներից շատերը գունաթափվել են, կամ լրագրողին ասում է «քո մեջ կին չեմ տեսնում»: Ինչո՞ւ պետք է դու կին տեսնես, լրագրողն իր գործն է անում, դու էլ փոխանակ քո գործն անես, տարօրինակ, ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում: Շատ նողկալի տպավորություն թողեց այդ ամենը»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը ծառայում է ոչ թե օրենքին, այլ իշխող վերնախավին:

«Չի կարելի, որ երբ որեւէ հարցով քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում, դա համարել խժդժություն, հետո ասել, որ դա հարիր չէ հայ ժողովրդին, կարծես ինքն է հայ ժողովրդին ներկայացնում: Անհոդաբաշխ մտքեր, որոնք ուղղակի թեւաթափ են անում, ասում են՝ սա՞ է արդյոք Հայաստանի ոստիկանապետը եւ հարի՞ր է արդյոք դա Հայաստանին եւ հայ ժողովրդին»,-իր խոսքն ամփոփեց նա:

Դուք շատ հին եք մնացել, բարեփոխվեք, դուք դեղնում եք. Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

Տպել
Ամենաշատ