News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգեւատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաեւ՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից, ցավոք, 400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետեւանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ: Այդ մարդիկ մեր մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, եւ մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է եւ կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական եւ սոցիալական խնդիրները լուծելու համար»:

Վարչապետի խոսքով՝ այս օրն ունի ոչ միայն վթարի զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլեւ սթափեցնող, զգոնության կոչ ու ահազանգ հնչեցնող նշանակություն: «Այսօր` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցի օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, շտապել են աղետի գոտի` օգնության ձեռք մեկնելու բարեկամ ժողովուրդներին», - ասել է Հովիկ Աբրահամյանը եւ շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիային, որն ավելի քան 25 տարի Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում ներկայացնում է մեր երկրում բնակվող «չեռնոբիլցիների» խնդիրները, շահերը եւ զբաղվում է նրանց սոցիալական ու առողջապահական հարցերով:

Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետեւանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լեւ Արտիշչեւը, Վլադիմիր Սոկոլյանը, Երեմ Ավագյանը, Գեւորգ Մելքոնյանը եւ Գեւորգ Վարդանյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի Վարդանյանը, Յուրա Ղուլյանը, Ռուբեն Ղարագադյանը, Սիրեկան Պետրոսյանը, Մուրադ Մուրադյանը, Արթուր Հարությունյանը, Սիմոն Իրիցյանը, Մարտին Օհանյանը, Տիգրան Կարապետյանը եւ Հովիկ Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գեւորգ Վարդանյանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրված ՀՀ քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել՝ պետական հոգածության, սոցիալական եւ առողջապահական աջակցության, ինչպես նաեւ իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ