News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 106-ամյա Գույնա Մարկոսյանն է:

Սեղանի կենտրոնում, որի շուրջ մենք նստած ենք, դեղին խնձորներով լի ափսե է դրված։ Առողջ, առանց որեւէ հետքի՝ դրանք ասես թե հենց նոր են քաղել ծառից։ Տան տերը՝ Թոռնիկը, համառում է. «Մեր այգուց են, անպայման փորձեք»։

Իսկ հյուրասենյակի անկյունում՝ բազմոցին, բարակ մատներով հաշվելով թազբեհի սպիտակ հատիկները, նստած է Գույնա Մարկոսյանը։ Շատ տարիներ առաջ հանկարծակի որբանալով՝ կարո՞ղ էր արդյոք նա պատկերացնել, որ մի օր սեփական տունն է ունենալու, որի բակում սպիտակ, վարդագույն ծաղիկներով ծաղկելու են խնձորենիները...

Գույնա Մխիթարյանը ծնվել է 1910թ. մայիսի 18-ին Կարսի մարզի Նախիջեւան գյուղում։ Նա Նազարեթի եւ Հայկանուշի երրորդ զավակն էր։ Ավագ քրոջ անունը Նազիկ էր, իսկ եղբորը՝ Լյուդվիգ։

- Մինչեւ 6 տարեկան ապրել եմ անհոգ, հետո սեւ օրեր եկան, դրանց ոչ սկիզբն էր երեւում, ոչ էլ վերջը,- պատմում է Գույնա տատը։

1916թ. սկզբին գյուղում լուրեր տարածվեցին, որ Կարսում հայերին հալածում են, շարունակում է տատը։ Օր օրի Նախիջեւանում դրությունն ավելի տագնապալի էր դառնում, և գյուղի բնակիչները սկսեցին պատրաստվել ճանապարհ ընկնելու։ Ճանապարհը տանում էր Արեւելյան Հայաստան։

- Ապրիլին մենք հասանք Արփաչայ գետին։ Ուժեղ անձրեւ էր, եւ ջուրն ափերից դուրս էր եկել։ Բայց ին՞չ անեինք։ Հետդարձի ճամփա չկար,- ուսերն է թափ տալիս տատը եւ հիշում, որ շատ մարդ խեղդվեց այդ օրը։ Կանայք չէին կարողանում ձեռքերի վրա պահել իրենց երեխաներին, եւ ջրի հոսքը տանում էր նրանց ։

- Ես մինչեւ հիմա լսում եմ կատաղած գետի ոռնոցը...- ասում է կինը եւ կուրացած աչքերի ապակյա հայացքով նայում դեպի դատարկություն։

Երկարատեւ թափառումներից ու զրկանքներից հետո Մխիթարյանները կանգ առան Բամբակաշատ  գյուղում։

- Հիմա հաճախ եմ հիշում, թե ինչ փորձությունների միջով ենք անցել։ Ամիսներով մի կտոր հացի երես չէինք տեսնում,- շարունակում է տատը։

Մխիթարյանները երկար չմնացին Բամբակաշատում, շուտով նրանք տեղափոխվեցին Արթիկի շրջանի Մանթաշ գյուղ։ Դրանից հետո ընտանիքի գլխին նոր դժբախտություններ թափվեցին։

- Լյուդվիգը կարմրախտով ծանր հիվանդացավ եւ մահացավ։ Հորս թունավորեցին, մայրս մի օր տանից դուրս եկավ եւ այդպես էլ չվերադարձավ։ Ասում էին, որ նա նորից է ամուսնացել։ Այդպես՝ մի օր Նազիկի հետ որբ արթնացանք,- հիշում է Գույնա տատը։

Աղջիկների խնամքն իր վրա է վերցնում հորեղբայրը՝ Մխիթարը։

Մխիթար

Մի քանի տարի անց Նազիկն ամուսնանում է եւ տեղափոխվում Ակնալիճ գյուղ։ Նրա հետ կապը երկար տարիներով կտրվում է։

Քրոջ հեռանալուց հետո Գույնան ծանոթանում է ապագա ամուսնու՝ Վարդգես Մարկոսյանի հետ։ Նա նույնպես Նախիջեւանից էր։ Վարդգեսն իր համագյուղացիներից շատերի նման ստիպված էր անցնել տառապանքների եւ կորուստների ծանր ճանապարհով։

Գույնա եւ Վարդգես

- Նրա հայրը՝ Գալուստը մեկնել էր ռուս-թուրքական պատերազմ։ Երբ գյուղ էր վերադարձել, տունը դատարկ էր գտել,- ամուսնու հիշողություններով պատմում է Գույնա տատը։

Կինը՝ Ոսկեհատը, երեխաների՝ Վարդգեսի, Հայկանուշի եւ Երվանդի հետ գյուղացիների նման փախել էին դեպի Արփաչայ գետը։

- Մարդիկ նավակի նման մի բան էին կառուցել; Սկզբում որոշել էին երեխաներին տեղափոխել, հետո ինքներն անցնել։

Երբ Վարդգեսը, Հայկանուշը եւ Երվանդն արդեն մյուս ափին էին, Ոսկեհատը մյուս կանանց հետ իրենց իրերով նավակ են նստում։ Նավակը ծանրաբեռնված էր, եւ տեղի ունեցավ անկանխատեսելին. այն ճաք տվեց եւ կիսվեց։ Ոսկեհատին անմիջապես տարան վարար գետի ալիքները։ Վարդգեսը, Հայկանուշը եւ Երվանդը գետի երկայնքով երկար վազում էին մոր հետեւից...

- Նրանց իր խնամքի տակ է վերցնում հորեղբայր Սմբատը։ Սակայն նա ինքը 7 երեխա ուներ, եւս երեքին կերակրելը ուժերից վեր էր, եւ նա երեխաներին հանձնում է Գյումրիում բացված ամերիկական որբանոցը,- շարունակում է տատը։

- Գալուստն այդ ընթացքում փնտրում էր երեխաներին՝ Արեւելյան Հայաստանի ճանապարհին հարցուփորձ անելով պատահական անցորդներին։ Այդպես՝ մի անգամ նրան հուշում են, որ երեխաները որբանոցում են։

- Վարդգեսը պատմում էր, որ սկզբում նա հորը չի ճանաչել։ Նա չէր հավատում, որ նա կենդանի է եւ եկել է իրենց հետեւից։

Գալուստը վերցնում է երեխաներին եւ սկսում է նոր տուն կառուցելու տեղ փնտրել։ Ժամանակի ընթացքում նա լսում է, որ Մանթաշում ապրում են ջարդից փրկված նախիջեւանցիները։ Օրերից մի օր Գալուստը Վարդգեսի հետ հյուր է գալիս Մխիթարի տուն։

- Այդպես մենք ծանոթացանք, սկսեցինք հաճախ հյուր գնալ,- շփոթված ժպտում է տատը։

1930-ական թթ. Գույնան ամուսնանում է Վարդգեսի հետ եւ տեղափոխվում Արեգ գյուղ։ Ամուսնությունից ծնվում է 5 երեխա՝ Սպարտակը, Լյովան, Սիլվան, Գեղեցիկը եւ Թոռնիկը։

Սիլվա

Լյովա եւ Թոռնիկ

Սպարտակ եւ Գեղեցիկ

- Ես աշխատանքի անցա կոլխոզում, որպեսզի երեխաներին կերակրեմ։ Ավելի քան 30 տարի իմ աշխատանքային օրը սկսվում էր առավոտյան ժամը 5-ից։ Բայց, փառք Աստծու, մեծացրեցինք, բոլորին ոտքի կանգնեցրինք։

Վարդգեսը մահանում է 2002-ին։ Չկա նաեւ քույր Նազիկը։ Սակայն Գույնա տատը չի կորցնում ոգու տոկունությունը եւ ամեն օրը ժպիտով է դիմավորում։

Գույնայի 49 թոռները եւ ծոռները նրան հատուկ ջերմությամբ են վերաբերվում։ Նրանք գիտեն, որ ուժեղ է այն տոհմը, որը պահպանում է իր ընտանիքի պատմությունն ու նախնիների հիշատակը։

Գույնան թոռնուհու հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ