News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Երեւանի պետհամալսարանի «Սահմանադրական իրավունք» ամբիոնի ղեկավար, Սահմանադրական դատարանի խորհրդական, Հայաստանի արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ հարցազրույցը:

Պարոն Դանիելյան, նախկինում հայտարարել էիք, որ Հռոմի ստատուտին պետության մասնակցությունն անհրաժեշտ պայման չէ Միջազգային քրեական դատարան դիմելու համար: Բավարար է պետության կողմից դատարանի իրավազորության ճանաչումը: Այդ առիթով, բավարա՞ր է կողմերից մեկի կողմից դատարանի իրավազորության ճանաչումը: Թե՞ դատարան դիմելու համար հարկավոր է, որպեսզի պատասխանող երկիրը նույնպես ճանաչի այն:

Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք անվերապահորեն համընկնում են մարդկության դեմ ուղղված, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների հատկանիշներին, ընդդատյա են Հաագայի միջազգային դատարանի իրավազորությանը: Այս դեպքում բավական է միայն Հայաստանի կողմից դատարանի իրավազորությունը ճանաչելը: Մասնավորապես, «Հռոմի միջազգային քրեական դատարանի» Կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «... Դատարանն իր իրավազորությունը կարող է իրականացնել, եթե ներքոհիշյալ պետություններից մեկը (ընդգծումը մերն է) կամ մի քանիսը սույն Կանոնադրության մասնակից են, կամ 3 կետին համապատասխան, ճանաչում են Դատարանի իրավազորությունը»: Ընդ որում, նշված 3-րդ կետում ամրագրված է հետևյալ կարգը. «Եթե 2 կետի համաձայն, պահանջվում է սույն Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետության կողմից Դատարանի իրավազորության ճանաչումը, այդ պետությունը կարող է Քարտուղարին ներկայացրած հայտարարության միջոցով ճանաչել Դատարանի իրավազորության իրականացումը տվյալ հանցագործության նկատմամբ (ընդգծումը մերն է)»:

Այսպիսով, մեկ պետության հայտարարությունը բավարար է որեւէ կոնկրետ գործով Դատարանի իրավազորությունը ճանաչելու համար, ինչից չի բխում, որ այդ պետությունը միայն այդ հիմքով դառնում է Կանոնադրության մասնակից:

Հնարավո՞ր է միակողմանի կարգով միջազգային քրեական հետապնդում նախաձեռնել:

Այո, հնարավոր է. հայտարարություն ներկայացրած պետության դիմումը հիմք է քրեական հետապնդում նախաձեռնելու համար: Ընդ որում, գործի ընդունելության պայմանները բավարար են, քանի որ այս պահին բացակայում են Կանոնադրությամբ նախատեսված այդպիսիք բացառող հիմքերը: Ըստ 17-րդ հոդվածի, գործը չի ընդունվի վարույթ, եթե Ադրբեջանի իրավասու մարմիններն արդեն իսկ հարուցած լինեին ու իրականացնեին քրեական հետապնդում, կամ Ալիեւն արդեն դատապարտված լիներ նույն այդ հանցագործությունների համար, եւ, վերջապես, եթե հանցավոր արարքը «բավականաչափ լուրջ չլիներ»:

Ինչպես Դուք եք նկատում՝ «միակողմանի դիմումի հիման վրա» քրեական հետապնդում հարուցելու եւ գործը վարույթ ընդունելու պրակտիկան քաջածանոթ է միջազգային հանրությանը: Ներկայումս այդպիսի հայտարություն է ներկայացրել նաև Ուկրաինայի խորհրդարանը՝ Ղրիմի հետ կապված իրադարձությունների առնչությամբ: Սակայն, եթե բազմաթիվ այլ դեպքերում, այս կարգի հայտարարությունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունների կտրվածքով: Այն, որ ադրբեջանական բանակը բացառապես Ալիևի հրամանով է հարձակումներ սկսել ու վայրագություններ իրականացրել խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք հիմնականում տարեց ու անօգնական մարդիկ են եղել, կասկածից վեր է, քանի որ այս սուբյեկտն ինքն է բազմիցս խոստովանում: Իհարկե, վերջին շրջանում պաշտպանական միջոցառումների արդյունքում կրած պարտությունների ֆոնին վերջինս փորձում է չքմեղանալ, որ իբր տեղյակ չի եղել այդ հարձակումների մասին, սակայն չի էլ ժխտում, որ նախահարձակ կողմն Ադրբեջանն է: Տվյալ դեպքում անտեսվում է, որ Հաագայի միջազգային դատավարության կանոնների տեսանկյունից այդպիսի՝ թաղային վեճերին բնորոշ պատճառաբանությունները որևէ իրավական արժեք չունեն: Կանոնադրության 28-րդ հոդվածի համաձայն. «Զինվորական հրամանատարը կամ որպես փաստացի զինվորական հրամանատար գործող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Դատարանին ընդդատյա այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են փաստացի իր հրամանատարության և վերահսկողության, կամ նայած հանգամանքներին, իր փաստացի իշխանության եւ վերահսկողության ներքո գտնվող ուժերի կողմից՝ այդ ուժերի նկատմամբ իր ոչ պատշաճ վերահսկողության պատճառով (ընդգծումը մերն է)»: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են: Ինչպես տեսնում եք, այս պարոնի խորհրդատուները իրենց «արհեստավարժության» վրա դեռ լրջորեն պետք է աշխատեն:

Ավելին սույն պարոնը եւ նրա մանկլավիկները ոչ թե քննարկում են, թե իրականում հրաման տրվել է, թե ոչ, այլ, լուծված համարելով այդ ակնհայտ իրողությունը, կենտրոնանում են պատճառաբանությունների վրա՝ զինանոցը հարստացնելով էժանագին փաստարկներով. «Ո՞ր պետությունը կհանդուրժեր», «Տարածքային ամբողջականության վերականգնումը արդարացնում է միջոցները» եւ այլն: Չքննարկենք այդ փաստարկները, քանզի ամենամիամիտ մարդուն էլ պարզ է, որ առնվազն Հայաստանի սահմանամերձ շրջանի գյուղերում դպրոցների ու մանկապարտեզների վրա կրակելը հեռավոր աղերս անգամ չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա այո պետք է վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը խաթարվել է ոչ իրավասու կառույցի՝ Կավբյուրոյի որոշմամբ, ինչի արդյունքում Հայաստանից բռնազավթվել ու գոյություն չունեցող պետությանն են հանձնվել Նախիջեւանն ու Արցախը:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի ապացույցների բազան՝ այդպիսի ատյան դիմելու համար: Նկատի ունեմ փաստահավաք գործընթացին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հակառակ կողմին հնարավորություն չի տա ապագայում փորձել մեղադրել նյութերը կեղծելու մեջ:

Այն, որ ակնհայտը հերքելու եւ անհավանական կեղծիքներ հրամցնելու մեջ հակառակորդ կողմը խփել է բոլոր տեսակի ռեկորդները, հանրահայտ է, սակայն հարկ է նկատել, որ անպատժելիության մոլուցքը բթացրել է վերջիններիս զգոնությունը, ինչի արդյունքում այս պահին էլ վերը նշված սուբյեկտը հանդես է գալիս ռազմատենչ կոչերով: Ինչ վերաբերում է կոնկրետ ապացույցներին, ապա, որքան հայտնի է, դրանք բավարար արհեստավարժությամբ ու ծավալով ձեռք են բերվել հայրենական իրավասու քննչական մարմինների կողմից: Բոլորս էլ տեղյակ ենք, որ բազմաթիվ դեպքերում փաստեր հավաքագրել են նաեւ միջազգային կազմակերպությունների ու լրատվության ներկայացուցիչները: Հավելենք, որ Հաագայի դատարանն ինքն էլ ունի իր դատախազությունը եւ լիազորված է իրականացնելու լիարժեք մինչդատական վարույթ: Ընդ որում, դատախազն իրավասու է համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի կողմից «ապացույցների ոչնչացումը կամ խոչընդոտել անձանց թաքնվելուն» եւ այլն:

Դատարանի որոշումը պարտադի՞ր է այդ ատյանի իրավազորությունը չճանաչած կողմի համար:

Դատարանն ինքն է դատավճիռ կայացնում, վերջինի որոշումները պարտադիր են նաեւ մինչդատական վարույթի փուլում՝ մասնավորապես կարող է խափանման միջոցներ կիրառել եւ այլն: Պատժաչափի առնչությամբ նկատենք, որ այն բացարձակապես չի փոխկապակցվում տվյալ պետության ազգային օրենսդրության հետ, օրինակ՝ կարող է սահմանվել ազատազրկում՝ մինչև 30 տարի կամ ցմահ ազատազրկում՝ անկախ այն հանգամանքից, թե այդպիսի հանցագործությունների համար ազգային օրենսդրությամբ ինչ պատիժ է սահմանված:

Ինչ վերաբերում է դատավճռին, ապա Կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն, ազատազրկման ձևով պատիժը կրում են այն պետությունում, որը Դատարանի կողմից նշանակվում է դատապարտված անձին ընդունելու իրենց պատրաստակամությունը հայտնած պետությունների ցանկից: Տվյալ դեպքում, զուտ Ալիեւի անվտանգության տեսանկյունից, կարծում եմ, ամենահարմար պետությունը Հայաստանն է, քանի որ Ադրբեջանում կարող են կտտանքների ենթարկել ու առնվազն կտրել ականջները: Նկատենք, որ դատավճիռն իրականացնող պետության դատարանը չի կարող վերանայել պատժաչափն ու պատժատեսակը՝ դա Հաագային միջազգային դատարանի բացառիկ իրավասությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ