Բանանցի գլխավոր մարզիչ, իսպանացի Տիտո Ռամալյոն այս մրցաշրջանի մեկնարկից աշխատում է Երեւանում: Ապրիլի 29-ին նա առաջին անգամ իր ծննդյան օրը նշեց Հայաստանում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Ռամալյոյի հետ:
Ինչպե՞ս եք առաջին անգամ նշում Ձեր ծննդյան օրը Հայաստանում:
Շատ հաճելի մթնոլորտում: Ինչպես թիմի անդամների, այնպես էլ «Բանանցի» մյուս աշխատակիցների ջերմությունն ինչ-որ չափով փոխհատուցեցին ընտանիքից հեռու գտնվելու հանգամանքը: Հաճելի էր ինչպես անակնկալ տորթը, այնպես էլ ակումբի կողմից ստացած Իսպանիայի դրոշով նվերը, որը հիմա զարդարում է աշխատասեղանս:
Ո՞րն է Հայաստանում ապրած Ձեր ամենատպավորիչ պահը:
Ֆուտբոլի հետ կապված շատ հիշարժան ու հետաքրքիր դեպքեր են եղել, սակայն ընդհանուր առմամբ ամենից տպավորիչ օրը, որ ապրել եմ Հայաստանում, ապրիլի 24-ն էր: Սեփական աչքերով տեսա եւ հայերի հետ ապրեցի այդ օրվա խորհուրդը: Տպավորիչ էր, թե ինչպես էին մարդիկ հոգով ապրում այդքան տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունը:
Ինչպե՞ս կբնութագրեք հայերին մեկ բառով:
Դժվար հարց է: Շատ բաներ կցանկանայի ասել, սակայն եթե ստիպված եմ սահմանափակվել մեկ բառով, ապա կառանձնացնեմ «բարություն» բառը: Հենց նման վերաբերմունք ենք մենք՝ իսպանացիներս, ամեն օր ստանում տարբեր կենցաղային, թե մասնագիտական շփումների ժամանակ:
Ի՞նչն եք ամենից շատ սիրում Հայաստանում:
Եթե անկեղծ, ապա ինձ դուր է գալիս, թե ինչպես է անցնում իմ կյանքը Հայաստանում: Իհարկե, կարոտում ենք հայրենիքը, սակայն հայերի հյուրընկալության շնորհիվ դա փոխհատուցվում է, հավանում եմ նաեւ Հայաստանում սնունդը: Հետաքրքիր է նաեւ այն, որ կարող ես փոքր տարածություններ անցնելով՝ հանդիպես ձյան, ապա շոգ եղանակի... փոքր տարածքում բնությունը շատ տարբեր է: Կարծում եմ, որ եվրոպացիների համար շատ հետաքրքիր է երկիր է Հայաստանը: Պարզապես պետք է ճանաչել այն եւ վայելել:
Ո՞րն վայրն է ամենից շատ Ձեզ դուր գալիս Երեւանում:
Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան եւ Օպերային կից տարածքը շատ գեղեցիկ են: Բայց մենք շատ ենք զբոսնում նաեւ Մալաթիայում, որտեղ գտնվում է մեր ակումբը: Իհարկե այն շատ է տարբերվում կենտրոնից, սակայն Երեւանի այս հատվածն էլ իր յուրահատուկ հմայքն ունի:
Ո՞ր է Ձեր ամենասիրած հայկական ուտեստը:
Դոլմա եմ շատ սիրում: Ինձ շատ է դուր գալիս նաեւ այստեղի հացը: Իմ հայրենի Գալիսիայում հացերի շատ տեսակներ կան, սակայն այստեղի հացը շատ հարուստ է եւ համեղ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք գավաթի եզրափակիչից:
Ակնկալում ենք հաղթանակ: «Միկային» մեծ հարգանքով եմ վերաբերվում, սակայն եզրափակիչն ագահ է դարձնում եւ միայն հաղթանակի համար կարող ես դաշտ դուրս գալ: Այնպես որ, հնարավոր ամեն ինչ պետք է անենք հաղթանակի հասնելու համար: