Ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախի Թալիշ գյուղից հեռացած ու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ապաստանած թալիշցիների ցանկությունն է վերադառնալ հարազատ գյուղ, միայն թե ապահովեն իրենց անվտանգությունը:
Թալիշի բնակիչ 80-ամյա Ռազմիկ Մեջլումյանը որը վատ է տեսնում, հարսի խնամքին է հանձնված, տնից փախչելիս՝ չի կարողացել ոչինչ վերցնել։
«Տունս թալանել են, աղջիկս քյացեր ա, որ տնից մի ձեռք շոր բերի, լոխ թալանած տարած են եղել։ Մի սնարյադ տանս երկրորդ հարկն ա ցխել, մեկն էլ՝ առաջինը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Ռազմիկի համագյուղացին՝ 76–ամյա Վոլոդյա Աբրահամյանն էլ հիշեց, թե ոնց են մազապուրծ փախել, երբ հակառակորդը սկսել է ռմբակոծել գյուղը. «Գիշերը ժամը 3-ին հենց տեսել եմ՝ սնարյադները գյուղում թափում ա, մի կերպ կնոջս գցել եմ շալակիս, դուրս եկել Մատաղիս: Առանց մաշին, առանց բան, 3 կիլոմետր կնոջս շլակած բերել եմ։ Կինս հիվանդ ա: Երկու անգամ ես գյուղից փախել եմ, երկու անգամ իմ տունը թալանել են։ Մեր տունը գյուղի ծայրամասում ա, թուրքերը՝ լիքը։ Թալիշն ավերել են, ու հիմա գյուղը վտանգի մեջ ա»,-նշեց 76-ամյա տղամարդը:
Թալիշում ծնված մեծացած Վոլոդյա պապն ասաց, որ առայժմ Թալիշ չի գնա, բայց որ Ղարաբաղի մեկ այլ գյուղում տուն տան, կգնա կապրի. «Երկու անգամ տուժվել եմ թուրքերի ձեռքից: Իհարկե, իմ հողն ինձ քաղցր ա, բայց ես չեմ կարող գնալ էնտեղ հմի...»։
67-ամյա Վալիդա տատն իր ընտանիքով ապրիլի 1-ին՝ կեսգիշերին փախել է գյուղից գիշերանոցով։ Չարենցավանում որդու վարձած տանն են ապրում: Որդին երեխաների կրթության պատճառով ժամանակավորապես տեղափոխվել էր Հայաստան։
«Հենց տրաքոց լսվեց, տան շուշեքը փշրեց, հելել եմ գիշերանոցով փախել եմ, եկել տեսել՝ տղես հետեւիցս վազում ա։ Տղես էդ գիշերն էր եկել, ապրանք էր բերել, խանութ ունենք Թալիշում, ու փախել ենք... Քյոռփա թոռս հիմա չի քնում, վախում ա, վերմակի մեջ փաթաթել ենք, բերել հասցրել Ստեփանակերտ։ Տղես ավտոն քշելա առանց լույսի։ Երեխուն վերմակի մեջ պահել ենք, մի խանութից ռետուզ, մայկա, կոշիկ ենք առել ու մի կերպ բերել հասցրել էստեղ։ Ուզում էինք հետ գնայինք, էն էլ տեսանք Մարտակերտ կրակոցներ են»,-պատմում է Վալիդա տատը, որը համառորեն հրաժարվեց նկարահանվել:
Նա ասաց, որ ուզում են գյուղացիներով իրար կողքի ապրել, որ նեղն ընկնելիս՝ միմյանց օգնությանը դիմեն։ «Մի տեղ սարքեն, սաղս իրար կողքի լինենք։ Գնացի մի անծանոթ տեղ նստեցի, հիվանդացա, ի՞նչ եմ անելու: Իմ հարեւանն ինձ մի բաժակ ջուր ա տալիս, տանում ես էն անծանոթ տեղը»,-ասաց տարեց թալիշցին։
Գյուղի պատմության ուսուցիչ 33-ամյա Արթուր Հայրապետյանը, որ մանկահասակ երեխաների հետ դարձյալ Չարենցավանում է ապաստանել, նշեց, որ իր համար Թալիշը թանկ է, եթե պիտի վերադառնան՝ միայն հայրենի գյուղ, բայց այն դեպքում, երբ գյուղացիների, երեխաների անվտանգությունն ապահովված լինի։
Այսօր՝ ապրիլի 30-ին, թալիշցիների հետ հանդիպել են Արցախի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները եւ քննարկել նրանց հետագա բնակության հետ կապված հարցեր:
Փակ հանդիպման ժամանակ նրանց են ներկայացրել մշտական բնակություն հաստատելու վերաբերյալ մի քանի առաջարկներ, որոնցից մեկը եղել է վերադարձը Թալիշ։ Սա դժվարագույն տարբերակն է եղել, որի շուրջ համաձայնություն չկա, քանի դեռ պատերազմը շարունակվում է, եւ Թալիշը վտանգի մեջ է: Առաջարկել են նաեւ բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի որեւէ գյուղում, որն ավելի խաղաղ է, պայմաններ ստեղծել ու նրանց վերադարձնել մշտական բնակության։ Տարբերակները ոչ բոլորի սրտով են եղել։ Ոմանց խորթ է առաջարկվող նոր բնակավայրը, ոմանց էլ՝ ապահով Չարենցավանը։ Հոգեհարազատ է մեկ բան՝ եթե կարողանան ապահովել Թալիշի անվտանգությունը հակառակորդի ներխուժումից ու ռմբակոծություններից, բոլորն էլ կվերադառնան իրենց հարազատ գյուղ։
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ որոշում չունեն, հանդիպումներ են սկսել ժամանակավորապես այստեղ բնակություն հաստատած մարդկանց հետ՝ հասկանալու առաջարկներն ու ըստ այդմ՝ լուծումները։
«Թալիշը պատերազմական գործողությունների ակտիվ գոտում է եղել, անվտանգության հարցեր կան... Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր բնակավայրերը եւ տները վերականգնվելու են, եւ եթե հետեւում եք լրահոսին, բնակավայրեր կան, որ հաջորդ օրը անմիջապես վերականգնել են։ Թալիշում անվտանգության խնդիրները պետք է լուծվեն, դրանից հետո գյուղը կվերականգնվի, բայց մենք ժամանակավոր լուծում ենք առաջարկում՝ եթե իրենք ցանկություն ունեն կազմակերպել իրենց կեցությունն այլ բնակավայրերում, մինչեւ այդ հարցերը կարողանանք ժամանակի ընթացքում լուծել»,-ասաց նա: