News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգին կրկին բացել է իր դռները այցելուների առաջ։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի եւ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  ուղեկցությամբ, այցելել է կենդանաբանական այգի եւ ներկա գտնվել  հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին: Քաղաքապետի տեղակալը, որդիների եւ  այգու այցելուների հետ, նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով:

Նշենք, որ 2013-2015 թվականներին Երեւանի քաղաքապետարանի  ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում  թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները,  ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության  պայմանները: Կացարանները հիմնականում ջեռուցվում են, ինչը, ինչպես նաեւ այգու աշխատակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում, ձմեռացումից հետո կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել: Ավելին, հենց այս գիշեր երկուսով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի եւ Պոնի ցեղատեսակի  ձիու ծնունդներով:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2 –րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա  ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Այգու պատասխանատուները վստահեցրել են, որ կարվի հնարավորը, որպեսզի Երեւանի կենդանաբանական այգին բոլոր այցելուների, ու հատկապես երեխաների համար լինի գրավիչ ու գեղեցիկ: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այգու հետ կապված բոլոր աշխատանքները քաղաքապետարանի եւ անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչեւ 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչեւ 20:00-ն:  Նշենք նաեւ, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար: 

Տպել
Ամենաշատ