News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով` հունվար-մարտի ընթացքում Հայաստանում ծնվել է 9171 երեխա` 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ  կենդանի ծննդյան դեպքերը նվազել են շուրջ 2,5 տոկոսով: «1000 բնակչի հաշվով  ծնելիության ընդհանուր գործակիցը  կազմել է 12.3 պրոմիլ, 2015թ. նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշը կազմել է 12.7 պրոմիլ»,-ասաց նա:

Կարինե Կույումջյանի խոսքով` 2016թ. առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է մեռելածնության 139 դեպք՝ 2015թ. նույն ժամանակահատվածի 185 դեպքի համեմատությամբ:

 «Մեռելածնության դեպքերի նվազում ունենք` շուրջ 25տոկոսով, իսկ գրանցված  մահացության դեպքերը կազմել են 7647` 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է նվազում: Ծնվածների եւ մահացածների բացարձակ ցուցանիշի տարբերությունը կազմում է երկրի բնակչության բնական հավելաճը: Այդ բացարձակ ցուցանիշը առաջին եռամսյակի ընթացքում 1524 մարդ է եղել` 2015թ. 1645-ի համեմատ»,-ասաց նա:

Ծնելիության միջին հանրապետականից բարձր ցուցանիշ է արձանագրվել Երեւանում`13 պրոմիլ, որին հաջորդում են Արարատի  եւ Շիրակի մարզերը. «Մնացած բոլոր մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր է եղել, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում` 10.1 պրոմիլ: Մահացության  ընդհանուր գործակիցը կազմել է 10.2 պրոմիլ: Միջին հանրապետականից բարձր ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում` է 14.6 պրոմիլ, այնուհետեւ Տավուշում, Շիրակում, իսկ ամենացածր ցուցանիշը կազմել է Երեւանում` 9.2 պրոմիլ եւ Գեղարքունիքում»,-ասաց նա:

Կարինե Կույումջյանի խոսքով, Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության  ցուցանիշները եւս նվազել են` 77 դեպք է գրանցվել` 2015թ. նույն ժամանակահատվածի 87 դեպքի  համեմատությամբ. «Մինչեւ 1տարեկան երեխաների մահացության հիմնական մասը գրեթե շուրջծնական շրջանում  առաջացած վիճակների պատճառով է եղել եւ բնածին անկանոնություններից: 0-4 տարեկան երեխաների շրջանում 89 մահվան դեպք  է եղել: 2016թ. առաջին եռամսյակում ունենք նաեւ մայրական մահացության 2 դեպք, նույն ցուցանիշն է եղել նաեւ նախորդ տարի: Մահվան պատճառների ավելի քանի 47 տոկոսը արյան շրջանառության, 20 տոկոսից ավելին նորագոյացությունների, 8  տոկոսը շնչառական օրգանների պատճառով են եղել: Դժբախտ պատահարներով պայմանավորված  մահացության դեպքերը գրեթե 4 տոկոս են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ