Երեւանի Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցում ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քնչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ աշակերտի հոր ու տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Աշակերտի մայրը պնդում է, որ տեխնոլոգիայի ուսուցիչ Ալեքսան Գյոզալյանը ոլորել է իր որդու ականջը, ստիպել է ինչ-որ բան անել, կոպիտ բառեր է ասել, նսեմացրել է երեխայի արժանապատվությունը, հիվանդ է անվանել նրան: Նրա խոսքով՝ միջադեպին միջամտել է ամուսինը, որից հետո տնօրեն Աշոտ Ավետիսյանը ոստիկանություն է զանգահարել:
Դպրոցի տնօրինությունից NEWS.am-ին ասացին, որ իրականում ծեծկռտուք չի եղել, այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել: