News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր բանակցային գործընթացին։ Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մայիսի «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին զարգացումները» խորագրով ելույթ ունեցավ Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում, որին ներկա էին ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Յունի Յարվինեն, Ֆինլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հելսինկիում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ։

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետեւանքները, դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների եւ ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը։

Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետեւ սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների»:

Անդրադառնալով ապրիլի սկզբին Բաքվի սանձազերծած ռազմական գործողություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման եւ 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր։ Այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն եւ Ռենե Նիբերգը: Այս ձեւաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել՝ Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով:

Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները եւ բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ:

Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը եւ հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» եւ պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող եւ նախկինում որեւէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունները՝ նշելով. «Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետեւանքով աշակերտներ զոհվեցին եւ վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, եւ այնուհետեւ սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:

Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական եւ լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ եւ հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության եւ ատելության քարոզչության բոլոր դրսեւորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետեւանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն եւ ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջեւան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների եւ երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին եւ լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաեւ հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ եւ զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ եւ զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաեւ սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:

Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլեւ անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:

ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույթիս սկզբում, եղել է եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ եւ անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:

Չնայած 1994 եւ 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների եւ միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում եւ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր բանակցային գործընթացին եւ առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»:

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ