News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երեւանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգեւատրվել են առաջին կարգի դիպլոմներով։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգեւատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների, ինչպես նաեւ Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան  վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ. Մաշտոցի անվան եւ «ԱՅԲ» կրթահամալիրների սաներն են։

Շնորհավորելով պարգեւատրվողներին` Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ գիտելիքների նման ստուգատեսներում հաջողություն ունենալն իսկապես կարեւոր ու պատվաբեր է։

«Շնորհավորում եմ բոլորիդ օլիմպիադաներում լավագույնս ներկայանալու եւ ձեռք բերած հաջողությունների համար: Երեխաների առաջընթացն ու ոգեւորվածությունը արդյունք են ուսուցիչների աշխատանքի, ովքեր իրենց գործում ջանք ու եռանդ չխնայելով՝ ներդրում են ունեցել երեխաների հաղթանակներում: Սիրելի՛ աշակերտներ, ձեր ձեռքբերումները կարեւոր են ոչ միայն մեր քաղաքի, այլեւ մեր երկրի զարգացման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

16 առարկաներից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի Երեւանի քաղաքային փուլին մասնակցել է 2186 աշակերտ:

Քաղաքային փուլի արդյունքներով Երեւանի քաղաքապետարանի կողմից երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմների է արժանացել համապատասխանաբար 112 եւ 158 աշակերտ:

Նշենք նաեւ, որ քաղաքային փուլը հաջողությամբ հաղթահարած 435 աշակերտ էլ մասնակցում է  առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին:

Տպել
Ամենաշատ