News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ հարաբերությունների խորացմանը եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

ՀՀ Նախագահը եւ Տաջիկստանի դեսպանն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում եւս փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը կարեւորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված Կազմակերպության ընդհանուր նպատակների եւ անդամ-երկրների կողմից ընդունված սկզբունքների վրա:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու ներուժն ու հնարավորությունները:

Տաջիկստանի դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ի շահ հայ-տաջիկական կապերի ամրապնդման ու խորացման, այդ նպատակով կարեւորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որի ուղղությամբ, ըստ նրա, արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ