News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար Ինդիանայի նահանգի առաջնային ընտրություններում հաղթանակը կարեւոր քայլ կդառնա նախագահի պաշտոնին որպես կուսակցության պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար, իսկ նրա մրցակցի` Թեդ Կրուզի համար Ինդիանայում ընտրությունների ելքը «գոյատեւման հարց է», հայտնում է ՏԱՍՍ-ը:

CNN հեռուստաընկերությունն այդպես է մեկնաբանել Ինդիանայում տեղի ունեցող առաջնային ընտրությունները, որոնցում որոշվում է Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) հուլիսի 18-21 –ին Հանրապետական կուսակցության համապետական համագումարին 57 պատգամավորական մանդատի ճակատագիրը, որի ընթացքում կհայտարարվի նախագահի պաշտոնում կուսակցության պաշտոնական թեկնածուն:  

Ինդիանայի նահանգում գործող կանոնների համաձայն, առաջնային ընտրություններում հաղթողը ստանում է այդ նահանգի բոլոր պատվիրակների ձայները: 

Հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել է  Gravis հետազոտական ծառայությունը, Թրամփին աջակցում է այդ նահանգում հանրապետականների  44 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը` Թեքսասից սենատոր Թեդ Կրուզը ընտրողների 27 տոկոսի աջակցությունն է վայելում, իսկ Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը`  9 տոկոսը: «Թրամփը շատ ամուր դիրքեր ունի Ինդիանայում, նշել է  CNN-ը: Միաժամանակ Թեդ Կրուզի համար այս ընտրությունների ելքից է կախված քաղաքական գոյատեւումը»:

«Եթե Թրամփը հաղթանակ տոնի Ինդիանայում առաջնային ընտրություններին, դժվար է պատկերացնել, որ նա հանրապետականների համապետական համագումարին պաշտոնական թեկնածու չառաջադրվի,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ինդիանայից ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը: Անկասկած, Ինդիանայում հաղթանակը նրա համար կարեւոր քայլ կդառնար` երաշխավորելու նրա գոյատեւումը  նոյեմբերի  8-ի նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար»:

Հանրապետական կուսակցությունից պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար հավակնորդին  1237 պատվիրակի ձայն է անհրաժեշտ:  The New York Times թերթի հաշվարկներով, այժմ Թրամփը ստացել է համագումարի  997 պատվիրակի աջակցությունը, Թեդ Կրուզը  566 ձայն ունի, Ջոն Քեյսիկը` 153 ձայն: Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, որը պայքարից դուրս է եկել իր նահանգում պարտությունից հետո,  173  ձայնի «փաթեթ» ունի եւ մինչեւ այժմ չի հայտարարել, թե հավակնորդներից ում է պատրաստ աջակցել:  Առաջնային ընտրությունների եւ քաղաքական ակտիվիստների ժողովների 19-ամսյա ժամանակաշրջանը, որը սկսվել է փետրվարի 1-ին Այովայի նահանգում, հանրապետականների համար կավարտվի հունիսի   7-ին առաջնային ընտրություններով 5 նահանգում` Կալիֆորնիայում, Մոնտանայում, Նյու Ջերսիում, Նյու Մեքսիկոյում եւ Հարավային Դակոտայում:  Այդ օրը  «կխաղարկվի» համագումարի համար 303 պատգամավորական մանդատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ