News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների Ցեղասպանության ճանաչումը եւ քրդերին սատարելն ավելի կարեւոր են, քան Էրդողանի հետ ընկերությունը: Այս մասին Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածում գրել է իսրայելցի հրապարակախոս Աննիկա Հերնրոթ-Ռոթաշթեյնը: Հոդվածում ասվում է.

«Հայոց ցեղասպանություն երբեք չի եղել, իսկ ով ասում է, որ եղել է՝ Թուրքիայի թշնամին է: Ահա թե ինչ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին:

Նույն օրը շվեդական Canal 4-ը նամակ ստացավ Արիֆ Գյուլենից, որը գրել էր Շվեդիայում Թուրքիայի դեսպանության անունից:

Նա հեռուստաալիքին խնդրեց «լրջորեն վերանայել» Seyfo 1915 - The Assyrian Genocide փաստագրական ֆիլմի հեռարձակման որոշումը՝ առաջարկելով հեռուստաընկերության աշխատակիցներին ճշմարտությունը պատմել 1915 թվականի իրադարձությունների մասին:

Ներկայում թուրքական դատարաններում նախագահ Էրդողանին վիրավորելու մասին շուրջ 2 հազար գործ կա: Վերջերս իր տանը ձերբակալվեց Նիդեռլանդներից մի լրագրող, ով Twitter-ում քննադատական հայտարարություն էր գրել Էրդողանի մասին: Այս ամենից հետո հարկ չկա կասկածել, որ թուրքական կառավարությունը լրջորեն ցանկանում է հարձակվել միջազգային լրատվամիջոցների վրա, որոնք հանդգնում են քննադատել նրա ռեժիմը:

Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայում քրդերի դեմ մշտական ուժային գործողությունների ֆոնին: Էրդողանն ու նրա շրջապատը դա հերքում են, ինչպես հերքում են Հայոց ցեղասպանությունը:

Միաժամանակ, Իսրայելի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները, ըստ լուրերի, բարելավվում են:

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո փրկարարական աշխատանքներին Իսրայելի ակտիվ մասնակցությունից հետո կուլիսային բանակցություններն ուշադրության կենտրոնում հայտնվեցին: Իսկ վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Թուրքիան եւ Իսրայելը Գազայի ափերին անկախ նավահանգստի շինարարության մասին համաձայնագիր են կնքել: Իսրայելցի պաշտոնյաները մի շարք ուղեւորություններ կատարեցին Թուրքիա, ընդ որում՝ զարմանալիորեն բացահայտ, ինչի մասին մտածել անգամ չէր կարելի 2010 թվականի ճգնաժամից հետո:

Իսրայելը պետք է լավ մտածի Էրդողանի նմանների հետ մտերմանալուց առաջ: 1915 թվականի ցեղասպանությունը 1.5 մլն հայերի, քուրդ-եզդիների, սիրիացիների եւ հույների կյանք խլեց: Այդ սպանություններն իրականացվում էին կանխամտածված դաժանությամբ: Այդ իրադարձությունները հիշեցնում են նացիստական Հոլոքոստը եւ այն, ինչ այսօր ԻԼԻՊ-ն անում է Մերձավոր Արեւելքում:

Քրդերն Իսրայելի մեծ բարեկամներն են: Սատարելով Էրդողանին՝ Իսրայելը փաստացի վաճառում է նրանց, եւ ոչ միայն նրանց: Նա վաճառում է արժեքներ, որոնք միայնակ է պաշտպանում տարածաշրջանում, քանի որ դեմ չի արտահայտվում Անկարայի իսլամական ռեժիմին, որն անցնում է սահմանները, օրենքները եւ արժանապատվությունը, որպեսզի հետապնդի սեփական ժողովրդին:

Բարեբախտաբար, միայն աշխարհի փոքր հատվածն է ժխտում իր ժողովրդի ցեղասպանությունը: Ես կարող եմ միայն պատկերացնել, թե ինչպիսի ցավ կապրեի, եթե ամեն տարի ամբողջ աշխարհի դեմ պայքարեի՝ ճանաչելով եւ հիշատակելով այն: Ես համերաշխ եմ հայ ժողովրդի ցավի հետ:

Գիտեմ, որ Իսրայելը պաշտպանում է ճշմարտությունը, պատիվը եւ լույսը՝ աշխարհի մութ հատվածում: Իմանալով սա՝ ցանկանում եմ դա տեսնել նրա արտաքին քաղաքականության մեջ: Ինչպիսին էլ լինեն այժմեական շահերը, որոնց պատճառով Էրդողանի ռեժիմին չեն ասում ճշմարտությունը, ավելի լավ է հահրաբերությունները սառեցված պահել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ