News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դիմել է Վաշինգթոն՝ խնդրելով, որ իրեն ընդունեն եւ դրական պատասխան ստացել. երկրի նախագահ Էրդողանն էլ, իմանալով այդ մասին, իսկույն նրան հրավիրել է իր մոտ եւ պահանջել հեռանալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով, Վաշինգթոն այցելությունից հետո թե միջազգային ասպարեզում, թե կուսակցության ներսում, Դավութօղլուի դիրքերը կամրապնդվեին եւ Էրդողանը չէր կարողանա կուսակցությունը դարձնել իր կամակատարը:

«Էրդողանն արդեն երեք տարի է նախագահի պաշտոնն է զբաղեցնում, երեք տարի է դիմել է Վաշինգթոն, որ պաշտոնական այցով մեկնի եւ Օբաման նրան ընդունի Սպիտակ տանը, սակայն ԱՄՆ-ը մերժում էր: Առհասարակ, նման այցի համար երկու տարի սպասում են, բայց Էրդողանը 3 տարի է սպասում»,-ասաց թուրքագետը:

«Վերջապես հանդիպումը կայացել է, որը տեւել է 35 րոպե: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ խոսել են Հյուսիսային Սիրիայում քրդերի խնդրի մասին եւ ԱՄՆ-ը կողմ է իրենց դիրքորոշումներին, մինչդեռ Թուրքիան Հյուսիսային Սիրիայի քրդերին համարում է ահաբեկիչներ, իսկ պաշտոնական Վաշինգթոնը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսային Սիրիայի քրդական ուժերը ԱՄՆ-ի ցամաքային զորքերն են»,-ընդգծեց Չաքրյանը:

Նրա խոսքով, այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսային Սիրայի քրդերի հարցը Էրդողանի հետ հանդիպմանը չեն քննարկել: «Փաստորեն Էրդողանը ստել է ԱՄՆ նախագահի անունից»,-նշեց թուրքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ կայացած հանդիպման արդյունքում Էրդողանը որոշել է վարչապետի եւ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնել Դավութօղլուին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, վերջին շրջանում Դավութօղլու-Էրդողան հակասությունները մայիսի 4-ին երկկողմ հանդիպման ընթացքում չեն հաղթահարվել, եւ Էրդողանը որոշել է ազատվել Դավութօղլուից։

Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու։

Տպել
Ամենաշատ