News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանական մայրաքաղաքի իշխանությունները որոշել են անսովոր եղանակով բարելավել քաղաքի կերպարանքը եւ միաժամանակ նշել Միգել դե Սերվանտեսի (1547-1616) մահվան   400-րդ տարելիցը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Այդ մտադրությամբ առաջնորդվելով` քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության  (ԻՍԱԿ) առաջարկին` մի քանի քաղաքապետարանային շենքի պատերը փոխակերպել` զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով:  ԻՍԱԿ-ի առաջարկին աջակցել են Ժողովրդական կուսակցությունը, «Քաղաքացիները» եւ «Մադրիդն այժմ» ձախակողմյան կուսակցությունը: Ենթադրվում է, որ քաղաքի տարբեր շրջաններում մայրաքաղաքային իշխանություններին պատկանող մոտ 20 շենք կտրամադրվի նկարիչներին իրենց հանրահայտ համերկրացուն փառաբանելու համար: 

ԻՍԱԿ-ի ներկայացուցիչ Մար Էսպինարը հույս ունի, որ առաջարկի իրականացումը կսկսվի ոչ ուշ, քան ընթացիկ տարվա սեպտեմբերին:  «Թող արվեստը լցնի Մադրիդի փողոցները», - ասել է նա: Մայրաքաղաքի քաղաքապետարանի պատգամավոր Սելիա Մայերն իր հերթին նշել է, որ պատերի նկարազարդմամբ կզբաղվեն փողոցային նկարիչները, որոնց կօգնեն շրջանների բնակիչները: Նրա կարծիքով, նախաձեռնությունը, մասնավորապես, կօգնի բարելավել զբոսշրջիկների շրջանում քաղաքի գրավչությունը:  

Ամբողջ թագավորությունում այս տարվա ընթացքում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում, որոնք կապված են գրողի մահվան   400-ամյա տարելիցի հետ: Հատկապես մեծ թվով մշակութային միջոցառումներ են պլանավորված Ալկալա-դե-Էնարես քաղաքում (Մադրիդի ինքնավար համայնք), որտեղ ծնվել է Սերվանտեսը: 

Միգել դե Սերվանտես Սաավեդրան նախ եւ առաջ հայտնի է որպես   «Խորամանկ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցի» վեպի հեղինակ, որը հրապարակվել է երկու հատորով: Առաջինը լույս է տեսել 1605-ին, երկրորդը` 1615-ին:

Գրողը մահացել է 1616-ի ապրիլի 23-ին, երկար ժամանակ նրա թաղման վայրն անհայտ էր: Միայն անցյալ տարվա մարտին Մադրիդում սուրբ Երրորդության վանկի եկեղեցու ստորգետնյա ժամատանը հայտնաբերվել են Սերվանտեսի մասունքների բեկորներ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ