Պաշտոնական տվյալներով, հունվար-մարտին Հայաստանի արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալները տարեկան կտրվածքով աճել են 8.9%-ով: Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միությունից գործընկեր պետություների մոտ այդ ոլորտում միայն բացասական ցուցանիշներ են:
Օրինակ՝ Ռուսաստանում ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալները կրճատվել են 0.6%-ով, Ղազախստանում՝ 0.8%-ով, Բելառուսում՝ 7.3%-ով: Ամենավատը ԵՏՄ նոր անդամի՝ Ղրղզստանի գործերն են. 25.7%-ի անկում:
Մեզ մոտ դրական առաաջընթացը հիմնականում կապված է մետաղական հանքաքարի արդյունահանման, ինչպես նաեւ խմիչքի եւ ծխախոտի արտադրության աճի երկնիշ տեմպերով: Օրինակ՝ պղնձի խտանյութի արտադրության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 33.4%-ով: Հիշեցնենք, որ պղնձի հանքաքարն ու խտանյութն ավանդաբար առաջատարի դիրքերում են հայրենական արտահանման մեջ: Ընդհանուր առմամբ, մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 27.7%-ով:
Սակայն հիմնական մետաղների արտադրության առումով լուրջ անկում է գրանցվել՝ 21.6%-ի չափով:
Մարտին խոշորագույն ներկրողը՝ Չինաստանը, կտրուկ ավելացրեց պղնձի ներկրումը (տարեկան կտրվածքում՝ ռեկորդային 39.7%-ով): Բայց սա, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր տեղաշարժ է: Որոշ փորձագետների կարծիքով, Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը կարող է աճել մի շարք հումքերի համաշխարհային գների վրա: Բնականաբար՝ դեպի նվազում: Դրան որոշակիորեն նպաստում է նաեւ ԱՄՆ դոլարի ամրապնդման միտումը:
Բայց մեր երկրի համար նաեւ լավատեսական լուրեր կան, այս անգամ արտահանվող մեկ այլ ապրանքի՝ կոնյակի մասով: Նախ նշենք, որ Ռուսաստանի (հայկական կոնյակի խոշորագույն ներկրողի) տնտեսական ճգնաժամը հանգեցրեց կոնյակի արտադրության եւ արտահանման ծավալների զգալի կրճատման: Ելնելով վերջին տարիների անբարենպաստ միտումներից՝ ընթացիկ տարում ոլորտում որեւէ լավ բան չէր ակնկալվում:
Սակայն, դատելով նույն պաշտոնական տվյալներից, առաջին եռամսյակում սենսացիա է տեղի ունեցել. կոնյակի արտադրության ծավալներն աճել են 50.9%-ով: Արդյունքում այդ ցուցանիշը 2013 թվականի հունվար-մարտի՝ Ռուսաստանի համար մինչճգնաժամային մակարդակի. 3.1 մլն լիտր՝ 3.7 մլն լիտրի դիմաց: