News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ այդ պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել եւ հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում:

Հայ ժողովուրդն ստեղծել է հարուստ մշակույթ իր ուրույն դրեւորումներով` այն հարստացնելով հարեւան երկրների մշակույթներով եւ ինքն էլ հարստացնելով այլոց, բայց երբեք ոտնձգություն չկատարելով որեւէ մշակույթի նկատմամբ: Իսկ ահա հարյուր տարուց պակաս պատմություն ունեցող հարեւան պետությունը փորձում է իրեն վերագրել բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդների ավանդույթները, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները: Դա վերաբերում է նաեւ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությանը եւ ձեռնարկված քայլերին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանդես է գալիս «պատասխան» քայլերով: Այսպես. մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, եւ երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության:

Հայ ժողովուրդն այս հարցում ունի իր հիմնավոր նկատառումները, դիտարկումներն ու պատմական փաստերը: Բայց մենք ամենեւին մտադրություն չունենք քննարկումներ ու վեճեր ծավալել հարեւան ժողովուրդների արժեքների հաշվին ինքնահաստատման նպատակ հետապնդող մի գործընթացի շուրջ, որն իր տեսակով ոչ նոր է, ոչ էլ արդյունավետ:

Այժմ Բաքվի իշխանությունները հերթական անհիմն եւ անհեթեթ քայլն են կատարում` փորձելով տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրեւ «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր: Սեփական ինքնությանը պարբերաբար չվստահելով եւ հույսը դնելով այլ ժողովուրդների վրա, հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելուց առաջ պարզապես չպետք է մոռանալ մյուս բոլոր ժողովուրդներին, որոնք դրա կրողն ու կիրառողն են: Հիշեցնենք, որ «թյուրքեր» տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խումբ, որի մեջ են ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները եւ այլ ազգեր։ Եթե անգամ տոլման տարածված լինի այս բոլոր ազգերի շրջանում, չպետք է մոռանալ նաեւ արաբական, բալկանյան, սլավոնական աշխարհը, եւ, ի վերջո, հայկական ավանդույթները:

Հնագույն մշակույթ, եզակի այբուբեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված  հազարամյակների պատմություն ունեցող հայկական էպոս, խաչքար ու դուդուկ, եւ ընդհանրապես՝ հսկայական մշակութային ժառանգություն ունեցող եւ անտիկ ժամանակներից ամենատարբեր գրավոր աղբյուրներում հիշատակվող մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարող ներքաշվել կերակրատեսակի շուրջ ադրբեջանական կողմի հրահրած բանավեճի մեջ:

Մեր հարեւան պետությունն այսօր քաղաքականացնում եւ վեճի առարկա է դարձնում գրեթե ամեն ինչ, չգիտակցելով, որ մշակույթն առհասարակ ստեղծվում ու զարգանում է հանուն քաղաքակրթության եւ խաղաղության: Իսկ խաղաղությունը մարդկության ամենաթանկ արժեքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ