News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել՝ լրագրողներին ասել է Կորյուն Նահապետյանը: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը միաժամանակ վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Երբ վերջապես Հայաստան կհասնի ռուսական 200 մլն դոլարի վարկով ձեռք բերված սպառազինությունը: Կորյուն Նահապետյանը հստակ ժամկետներ չի նշել, միայն ասել է՝ ամեն ինչ արվում է համաձայնագրով նախատեսված ընթացակարգերով:

Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովն այսօր որոշել է հետաձգել  քննարկումները Թեւան Պողոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի առաջարկած նախագծի շուրջ, որով առաջարկվում է 18 տարին լրացած բոլոր տղաներին  բանակ զորակոչել: Հետաձգումը բացատրել են նրանով, որ 10 օրից կառավարությունը ԱԺ է բերելու «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունների իր նախագիծը:

Ախուրյանի հիվանդանոցում այսօր ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը: Աղջկան անվանել են Անահիտ, ինչպես հայրն էր ցանկացել: 25-ամյա Հրաչն իր ապագա կնոջը հանդիպել ու սիրահարվել էր Արցախի Թալիշ գյուղում: Անուշը դեռ դպրոցական էր, երբ գյումրեցի Հրաչը, որը նոր էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության էր անցել Թալիշում: Անուշի Վերջին զանգի օրն էլ նշանադրվել են:  Ապրիլի 2-ին Հրաչն իր կնոջն ու նրա հարազատներին հանել էր Թալիշից, ինքը մեկնել մարտադաշտ, զոհվել էր մեկ օր անց՝ ապրիլի 3-ին:

Ազգային ժողովի պատգամավորից դրամ շորթելու կասկածանքով ձերբակալված՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանը երկու ամսով կալանավորվել են: Նրանց փաստաբանները ասել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ոստիկանություն հաղորդում էր տվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որից գումարը ստանալու պահին էլ ձերբայալվել էր տնօրենի օգականը, ավելի ուշ նաեւ՝ կայքի տնօրենը: Ըստ հաղորդման՝ Անի Հովհաննիսյանը ամսական 300 հազար դրամ էր պահանջել պատգամավորից՝ նրա եւ նրա ընտանիքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ չհրապարակելու համար:

Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալելուց հետո ռուսական սահմանապահ ջոկատ տեղափոխելիս ներկա է եղել Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը այսօր դատարանին միջնորդել է վկայություն տալու կանչել նախկին ոստիկանապետին: Նրան հարցաքննելը կարեւոր է՝ հասկանալու համար՝ արդյոք նա փորձել է արել հասնել նրան, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, եւ ինչու է ռուս զինծառայողը անարգել հայտնվել ռուսական կողմի մոտ: Չնայած դատապաշտպանի համոզիչ փաստարկներին՝ դատավորը մերժել է միջնորդությունը՝  ասելով, որ դա չի վերաբերվում մեղադրանքի բովանդակությանը:

Վլադիմիր Գասպարյանը թմրամոլությունից պատանիներին զերծ պահելու համար ծնողներին կոչ է անում ամենօրյա խիստ հսկողության տակ պահել իրենց երեխաներին: Ոստիկանապետը հիշեցրել է՝  որեւէ մեկն այդ վտանգից ապահովագրված չէ:

Իվետա Մուկուչյանը երկրորդ փորձն է արել Եվրատեսիլի բեմին: Երգչուհու առաջին փորձն իրարանցում էր առաջացրել համացանցում: Մինչ միջազգային լրագրողները Իվետայի ելույթը լավագույնն էին գնահատել, Հայաստանում գտնեցին մարդիկ, ովքեր որոշեցին՝ հայ աղջկան հարիր չէ բեմին ցուցադրել իր գեղեցիկ մարմինը: Երգչուհու զգեստի հեղինակը հայտարարեց, որ Իվետան մեկ այլ հագուստով է ներկայանալու մրցույթին: Քննադատողների ուրախությունը երկար չտեւեց՝ երկրորդ փորձից պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում Իվետան ներկայանալու է նույն ոճի, սակայն ավելի շքեղ ու բեմական հագուստով։ Ի դեպ, Եվրատեսիլի կազմակերպիչները մեղմացրել են իրենց դիրքորոշումը դրոշների հարցում: Այսօր հայտարարել են, որ մրցույթին թույլատրվում են բոլոր երկրների դրոշները, այդ թվում՝ Արցախի:

Մեր օրերի Ռոբինզոնը:  Բեռնանավի անձնակազմը փրկել է ավելի քան երկու ամիս բաց ծովում անցկացրած նավաստուն: 29-ամյա տղամարդը երեք ընկերների հետ նավաով դուրս էր եկել ծով, շարժիչը ձչացել է, չորսից փրկվել է միայն ինքը: Երկու ամիս նա անցկացրել է բաց ծովում, սնվել ձկով եւ ծովային ճայերով, մինչեւ նրան Հավայան կղզիներից մոտ չորս հազար կմ հեռավորության վրա պատահաբար գտել է բեռնանավի անձնակազմը:

Դոլարի ու ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինն ու ֆունտինը՝ աճել: Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը ՝ 547, ֆունտինը՝ 694, իսկ ռուբլունը՝ 7.23 դրամ:

Առաջիկա գիշեր Երևանում սպասվում է մինչև 12 , իսկ վաղը ցերեկը՝ մինչև 24 աստիճան տաքություն: Հնարավոր է կարճատև անձրև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ