16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության գործի նախաքննության ընթացքում բացի մեղադրյալ Սուրեն Մուրադյանից ոչ մեկ ցուցմունք չի տվել այն մասին, որ սպանությանը վեճ է նախորդել երիտասարդների մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մխիթար Բեգյանը:
«Ոչ մի վկայի ցուցմունք չկա, որ վեճ ու հայհոյանք է եղել: Միայն Սուրենի ցուցմունքը կարող է լինել: Իսկ հեռախոսային վերծանումներն էլ կարող են ցույց տալ միայն, թե երբ, ով, ում է զանգել, այլ բան պարզել չեն կարող»,- ասաց Մխիթար Բեգյանը:
Փաստաբանի խոսքով՝ Սուրենի հարզատաների պնդումները, որ դանակը եղել է Խաչիկի գրպանում եւ դանակահարվելուց առաջ նա մի քանի անգամ դանակով հարվածել է Սուրենին, իրականությանը չեն համապատասխանում:
«Սուրենը կդիմեր հիվանդանոց եթե նման բան լիներ, բայց չկա դատաբժշկի եզրակցություն: Բացի այդ էլ՝ Սուրենի հայրը ցուցմունքում ասել է, որ իրենց տան խոհանոցային դանակն է վերցրել Սուրենը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Սուրեն Մուրադյանի հարազատների պնդմամբ Խաչիկը Սուրենիկ գումար է պահանջել, Սուրենն էլ չի տվել ու Խաչիկն ուզել է հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Նշենք, որ Խաչիկն ու Սուրենը մանկության ընկերներ են եղել:
Սպանության գործը դատարանում է:
Խաչիկին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: