Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած 27-ամյա Էրիկ Բաբայանն արդեն ավելի քան մեկ ամիս կյանքի եւ մահվան պայքար է մղում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Յուրի Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Էրիկը ստամոքսի եւ աղիների ծանր հրազենային վիրավորում է ստացել: Բացի այդ, նրա երիկամն են հեռացրել, ինչի հետեւանքով նրա մոտ սուր երիկամային անբավարարություն է առաջացել, որը, սակայն, հաջողությամբ բուժում են: Լրջորեն վնասվել է նաեւ նրա ձախ ոտքի կոնքազդրային հոդը:

Էրիկին առաջին օգնություն ցուցաբերել են Մարտակերտի հոսպիտալում, որտեղ նաեւ 7-ժամյա վիրահատություն են կատարել: Ապրիլի 4-ին նրան տեղափոխել են Երեւան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը ներկայում գնահատվում է կայուն ծանր, սակայն, բժիշկների հավաստմամբ, առաջընթացն ակնհայտ է, եւ այսօր Էրիկի վիճակը, մեկ ամիս առաջվա համեմատ, շատ ավելի լավ է: Բայց առայժմ նրան վերակենդանացման բաժանմունքից դուրս չեն գրում:

Էրիկի մայրը՝ Ալվինա Կարապետյանն ասում է՝ որդու վիճակը, իր կարծիքով, բարելավվում է:

«Նրա հետ միասին բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, այն աշխարհից հետ բերեցին: Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան լավ են նրան վերաբերվում եւ որքան են ուզում, որ նա արագորեն կազդուրվի»,- ասում է տիկին Ալվինան:

Նրա խոսքով, Էրիկը շատ էր սիրում զինվորական ծառայությունը: Ուսումնարանն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայող դարձավ: Էրիկ Բաբայանն ամուսնացել է Արցախի Թալիշ գյուղից աղջկա հետ եւ վերջին երկու տարիներին հենց այնտեղ էլ ծառայում էր:

Էրիկի կինը եւ 8 ամսական դուստրն անհամբերությամբ սպասում են նրա կազդուրվելուն: