Թուրքիայի հարավ-արեւելքում թուրքական զորքերի գործողությունների աղետալի հետեւանքների ֆոնին Մոսկվան Անկարային կոչ է անում հնարավորինս արագ վերադառնալ քրդական խնդրի կարգավորման խաղաղ միջոցներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Օրերս երկրի հարավ-արեւելքում թուրքական ուժայինների գործողությունները հերթական անգամ դատապարտեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով հետաքննել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները»,- հիշեցրել է Զախարովան:
Ըստ ՏԱՍՍ-ի, նշվել է, մասնավորապես, Ջիզրեում մարդկանց զանգվածային հրկիզումների, քաղաքացիական բնակչության կանխամտածված գնդակոծությունների, կտտանքների մասին:
«Մենք սատարում ենք Թուրքիայի իշխանություններին ուղղված գերագույն հանձնակատարի կոչը՝ երկրի հարավ-արեւելյան շրջաններում մարդասիրական իրադրության մոնիթորինգի նպատակով անկախ դիտորդների մուտքը թույլ տալու մասին»,- ասել է Զախարովան: