Ոստիկանությունը պարզել է, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից 10 հազար դրամ գողացողը նախկինում եւս նման հանցանք է կատարել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 40-ամյա Արման Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ:
Ոստիկանները պարզել են, որ Արման Բ.-ն հեղինակել է նաեւ հետեւյալ հանցանքը.
Մարտի 26-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մեծամոր քաղաքի «Սուրբ Ղազար» եկեղեցու հոգեւոր հովվից հաղորդում էր ստացվել, որ եկեղեցու պատուհանի ալյումինե շրջանակը ծռելու եւ ապակին կոտրելու միջոցով, մուտք են գործել սրահ ու գողացել գանձանակը:
Գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 40ամյա Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Արման Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված մատուռից եւս երկու անգամ` հունվար եւ փետրվար ամիսներին, կատարել է հանգանակված գումարների գողություն:
Հետաքննությունը շարունակվում է: