News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի եւ մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը հիշեցնում է թատրոն կամ ոչ այնքան հաջող PR նախաձեռնություն: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:   Ներքաղաքական խնդիրներից բացի Արման Մուսինյանի հետ զրուցել ենք Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման, ներազգային համախմբման  անհրաժեշտության, Հայաստանի առջեւ ծառացած այլ խնդիրների  շուրջ:

Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից իշխանության ներկայացուցիչները խանդավառված են` համարելով, որ 94-95 թվականների հրադադարի պահպանումը եւ շփման գծում մշտադիտարկում իրականացնող մեխանիզմների տեղադրման վերաբերյալ պայմանավորվածությունը լուրջ ձեռք բերում են:  Համաձա՞յն եք, ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը:

Հանդիպման կարեւորությունը, ըստ իս, այն էր, որ բանակցությունների փաստն իսկ պատերազմական գործողությունների վերսկսումը զսպող գործոն էր: Միեւնույն ժամանակ լարվածության աճը զսպող գործիք էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահութան որոշումը մշտադիտարկման մեխանիզմների կիրառման վերաբերյալ:  Բանակցային գործընթացը կարեւոր է, պետք է շարունակել: Հետագան, իհարկե, ցույց կտա` այս մի հանդիպման արդյունքում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները որքանով են չեզոքացել, բայց բանակցությունների փաստն ինքնին, ինչպես նաեւ  ԵԱՀԿ համանախագահության ակտիվ ներգրավումը մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասով ողջունելի է:

Մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որքանո՞վ եք հավանական համարում դրա իրագործումը: Նախկինում էլ դրա մասին մշտապես խոսվել է, բայց քայլեր չեն կատարվել:  ՀՀԿ-ի ներկայացուցիչները հույս են հայտնում, որ մինչեւ հունիսյան հանդիպում հնարավոր է` քայլ լինի:

Իհարկե, 100 տոկոսով չի երաշխավորվում դրա իրագործումը, բայց նույնիսկ պայմանավորվածության այս էլեմենտը, ինչպես արդեն նշեցի, ինչ-որ առումով զսպման մեխանիզմ է: Թե ինչ կլինի, ու ինչպես կզարգանան իրադարձությունները, պայմանավորված են շատ այլ գործոններով: Ե՛ւ միջազգային քաղաքական իրավիճակով, ե՛ւ հակամարտության մեջ ներգրավված  երկրների`  միջազգային խաղացողների հետ ունեցած երկկողմ հարաբերությունների որակով, ե՛ւ այդ երկրների քաղաքական իրավիճակով: Կոնկրետ Վիեննայի հանդիպման մասով ԵԱՀԿ Մինսկի համանախագահության այս որոշումը կարեւոր է: Մնացածն ապագան ցույց կտա:

Հանդիպոմից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հնարավոր փոխզիջման մասին:  Ի՞նչ եք կարծում, խոսքը Կազանյան փաստաթղթով նախատեսված փոխզիջմա՞ն մասին է, ինչը հանրության համար որոշ չափով բացահայտեց  Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հարցազրույցի ժամանակ:

Ես ծանոթ չեմ քննարկվող փաստաթղթի բովանդակությանը եւ որեւէ գնահատական չեմ կարող տալ, թե փոխզիջումների ինչ ծավալ է քննարկվում: Մի բան կարելի է ասել, որ ըստ էության քննարկման հիմքում Մադրիդյան սկզբունքներն են, որոնք ինչ-որ շտկումների են ենթարկվել Կազանում:  Բայց քանի դեռ կարգավորման առաջարկը հայտնի չէ, իսկ նման փաստաթղթերում ցանկացած նախադասություն կամ բառ կարող է լուծման տրամաբանությունը փոխել, դրա մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ: Բայց  մի բան ակնհայտ է. եթե խնդիրը լուծվելու է բանակցություններով (իսկ ես կարծում եմ` Հայաստանը, ինչպես եւ միջագային հանրությունը շահագրգռված է լուծումը տեսնել հենց բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով), ապա այդ բանակցություններում ծնվող լուծումը պիտի լինի փոխղիջումների հիման վրա: Այլ բան է, որ այդ փոխզիջումների ծավալն է կախված  շատ այլ գործոններից` մասնավորապես՝ ինչպիսի երկիր ենք մենք, ինչ ռազմաքաղաքական, տնտեսական, մարդկային ռեսուրսների ենք տիրապետում, քաղաքական ինչպիսի դաշնակիցներ ունենք,  եւ կոնկրետ այս պահին ինչպիսին է միջազգային քաղաքական  վիճակը: Շատ շերտեր կան, որ ազդելու են բանակցությունների եւ դրանց վերջնարդյունքի վրա: Մենք ունենք այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են համակարգային կոռուպցիան, չդադարող արտագաղթը, իշխանության հանդեպ  վստահության բացակայությունը, ընտրական ջախջախված համակարգը:  Սրանք, կրկնում եմ, գործոններ են, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ ուժերի հարաբերակցության վրա: Հետեւաբար մեր ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացած լինեն նաեւ այս ուղղությամբ: 

Կարծիքներ կան, որ Հայաստանին այընտրանք չի մնացել,  քան վատն ու վատագույնը, որն է` պատերազմ կամ  մեզ համար ոչ շահեկան, Կազանյան փաստաթղթով խաղաղ կարգավորում: Իսկապե՞ս այլ տարբերակ, մանեւրելու ճանապարհ չի մնացել:

Քաղաքականությունը մեր ցանկությունների իրականացումը չէ, այլ տվյալ պահին հնարավորի իրագործումը: Ձեր պնդումը, որ Հայաստանի ընտրությունը վատի եւ վատթարի միջեւ կարող է լինել, դժվար է վիճարկել, ինչպես եւ Ադրբեջանի դեպքում: Այնտեղ եւս ընտրությունը լավի եւ վատի միջեւ չէ: Հասարակությունների մեջ խորը հետք թողած նման երեկարատեւ կոնֆլիկտներում ցանկացած նույնիսկ փոքր աննշան զիջումները շատ սուր են ընկալվում:  Քանի որ ապրիլյան պարտերազմը շատ իրողություններ բացեց, միգուցե, այո, ավելի ցցուն դարձրեց մի բան, որ մենք պիտի ընտրություն կատարենք վատի եւ վատթարի միջեւ:

Հիմա, սակայն,  ամենակարեւորն այն է, որ հայկական դիվանագիտությունն իր բոլոր ուժերը լարի բանակցության սեղանին դրված փաստաթուղթը  հնարավորինս Հայաստանի օգտին դարձնելու համար:

Անցած շաբաթ վարչապետը  կոռուպցիայի, մենաշնորհների, անարդյունավետ ծախսերի դեմ պայքարելու հայտարարությամբ հանդես եկավ: Կարծո՞ւմ եք, որ իշխանությունն էլ դասեր քաղեց քառօրյա պատերազմից եւ դեմքով շրջվում է դեպի ժողովուրդը: Թեեւ  իշխանությանների ներկայացուցիչները պնդում են, որ դա Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթի տրամաբանական շարունակությունն է եւ պատերազմի հետ կապ չունի:

Եթե դա Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքն էր, ապա շատ տարօրինակ է, որ կառավարությունը երեք ամիս հետո է արձագանքում երկրի փաստացի ղեկավարի հանձնարարություններին: Եթե այդպես է, ապա պետք է արձանագրել, որ այդ կառավարությունն անգործունակ է: Իհարկե, պարզ է, որ ապրիլյան դեպքերն են դրդել այսպիսի նախաձեռնության, բայց նախաձեռնությունն իսկ հավատ չի ներշնչում մի քանի պատճառներով: Կառավարությունը շատ լավ գիտի կոռուպցիայի տեղն էլ, հովանավորողների տեղն էլ: Կառավարության 60-70 տոկոսը, ինպես նաեւ Ազգային ժողովի 60-70 տոկոսը խոշոր ձեռնարկատերեր են, եւ այս պարագայում  հասարակությանը հրավիրել  կառավարություն կոռուպցիայի, մենաշնորհների դեպքերի մասին տեղեկություն կամ դրա դեմ պայքարելու իդեաներ  ներկայացնելու համար, երբ որ շուկայում միրգ  վաճաառողից մինչեւ իշխանական բարձրաստիճան օղակներ հատ-հատ գիտեն ե′ւ մենաշնորհների ե′ւ կոռուպցիայի մեջ թաղված պաշտոնյաների տեղը, հիշեցնում է թատրոն կամ ոչ այնքան հաջող փիառ նախաձեռնություն:

Եթե այս հայտարարություն էլ գործի չվերածվի, ինչպես նախկինում արված հայտարարությունները, արտաքին վտանգների այս փուլում ի՞նչ է սպասվում:

Հայաստանն այսօր մի խնդիր ունի` այս ներքին եւ արտաքին քաղաքական դժվար վիճակից դուրս գալու նվազ կորուստներով, ինչի համար ռեալ փոփոխություններ բերող ներքին քայլեր են անհրաժեշտ, որոնցից կարեւորագույնը Ընտրական օրենսգիրքն է, որը պետք է վերականգնի հասարակության վստահությունը  Ընտրական համակարգի նկատմամբ,  եւ տնտեսությունը քաղցկեղի պես ախտահարած կոռուպցիայի, մենաշնորհների ու հովանավորչության վերացումը: Իսկ ծանրագույն մարտահրավերների առկայության պարագայում մի քանի հարյուր մեքենայի ծախսի կրճատումը ոչինչ է՝ կաթիլ օվկիանոսում:

Վարչապետը մենաշնորհների դեմ պայքար սկսելու  իր իսկ  հայտարարությունից օրեր հետո ԱԺ-ում  հարց ու պատասխանի ժամանակ  հավաստիացրեց, որ  դիզվառելիքի ու շաքարավազի  ոլորտներում չկան մենաշնորհներ, մինչդեռ հանրությանը քաջ հայտնի է` այդ ոլորտներում ինչ իրավիճակ է:  Սա ի՞նչ է նշանակում:

Իհարկե, օրենքով որեւէ մեկին արգելված չէ,  բայց մենք խոսում ենք ռեալ իրականության մասին, որտեղ բոլորը գիտեն` ինչն ինչոց է: Այն փաստը, որ վարչապետն իր իսկ ելույթից հետո խորհրդարանում շարունակում է պնդել, որ մենաշնորհներ չկան, արդեն իսկ ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունը, ցավոք, ունի ավելի շատ քարոզչական,  քան ռեալ քայլեր անելու նպատակ:

ՀԱԿ-ի եւ իշխանության ներազգային համախմբվածությունը ժամկետներ ունի՞: Շուտով  խորհրդրանական ընտրություններն են, որոնց պետք է նախապատարստվել: ՀԱԿ-ը ո՞ր պահից պիտի դուրս գա ներազգային համախմբվածությունից ու ներգրավվի ընտարապայքարի մեջ նախկինի պես:

Քանի դեռ կա արտաքին վտանգի սպառնալիքը, Ղարաբաղի հարցում  ներազգային համախմբվածությանը նպաստելու մեր հայտարարությունն ուժի մեջ է մնալու, սակայն դա մեզ չի խանգարելու, որ մենք ակտիվորեն շարունակենք պնդել մեր դիրքորոշումները հայաստանյան քաղաքական կյանքի մյուս հարցերում:  Ընտրություններին ընդառաջէ մենք ակտիվորեն ներգրավված ենք լինելու ե՛ւ պառլամենտական գործունեության մեջ, ե՛ւ Հայաստանի համայնքներում քաղաքացիների հետ հանդիպումներում, որպեսզի կարողանանք մեր մոտեցումները ներկայացնել հանրությանը եւ  ցույց տալ խոցելի կետերը, որոնց վրա գործող իշխանությունը պարտավոր է ուշադրություն դարձնել: Մենք, իսկապես, ժամանակ չունենք: Հայաստանն այս խնդիրները հաղթահարելը հետաձգելու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ:

Որքան էլ որ պնդում եք` Լեւոն Տեր-Պետրոսյան -Սերժ Սարգսյան հանդիպումը ներքաղաքական շահերին չէր միտված, այլ արտաքին վտանգին դիմակայելուն, ամեն դեպքում  կարո՞ղ ենք ասել`  դա ազդեցություն կունենա ներքաղաքական դասավորումների վրա, հատկապես  խորհրդարանական ընտրություններում  կնպաստի ՀԱԿ-ի  քվեների ավելացմանը.  ՀԱԿ-ը ավելի լայն ներկայացվածություն կունենա խորհրդարանում, քան ակնկալվում էր մինչեւ ապրիլյան պատերազմը:

Ստեղծված իրավիճակում մեր որդեգրած դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի շահերից բխող միակ ճիշտ քայլն էր: Մեր դիրքորոշման դրդապատճառները պետական են, ոչ թե այսրոպեական, կուսակցական: Եթե առկա է Հայաստանի, Արցախի անվտանգության հարց, մեզ համար բոլոր հարցերը  դառնում են հազարերորդական: Նախագահ Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսը իրենց գործունեության ընթացքում մի քանի անգամ հանդես են եկել նման դիրքորոշումներով, մի կողմ դրել ամենասուր տարաձայնությունները եւ ուժերի չափով փորձել նպաստել տվյալ պահերին ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Ես վստահ եմ, որ այսօր արդեն մեր հասարակությունը շատ լավ ընկալում է մեր մոտեցումը:  Եթե դուրս գաք եւ խոսեք շարքային հասարակական տարբեր շերտերի հետ,  կհամոզվեք դրանում: Իսկ թե ինչպիսի ազդեցություն կունենա այս ամենը խորհրդարանական ընտրություններում, կարծում եմ,  կոռեկտ չէ  այդ համատեքստում հարցը քննարկելը, որովհետեւ, ինչպես նշեցի, մեր դիրքորոշման դրդապատճառներն այսրոպեական ու կուսակցական չեն: Ընտրությունը կանցնի կգնա, կարեւորը Հայաստանի ու Ղարաբաղի կենսական շահերն են:

Սահմանադրական  փոփոխությունների շուրջ կոնսոլիդացիայի ֆոտոսեսիայից հետո կարծես թե ուրվագծվում էր խորհրդարանի դիրքավորումը: Կարելի՞ է ասել, որ  Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո վերաձեւվել է այդ պատկերը:

Ընտրություններին ընդառաջ քաղաքական վեադասավորումները բնական, նորմալ գործընթացներ են բոլոր երկրներում: Այլ բան է, որ մեզ մոտ տեղի ունեցավ ֆորսմաժոր, որը չէր կարող չազդել ներքաղաքական դասավորումների վրա: Բայց վերջինս պայմանավորված է բացառապես նրանով թե ինչ դիրքորոշում որդեգրեցին քաղաքական ուժերը այդ ծանրագույն պահին: Այն լակմուսի թուղթ էր, որը ցույց տվեց, թե որ քաղաքական ուժերն են գործունյա, ովքեր ունեն դիրքորոշում նման ծանր ու պատասխանատու հարցերի վերաբերյալ, ովքեր են ունակ եւ պատրաստ խոսելու եւ պարաբանելու այս հարցերը ժողովրդին,  եւ ովքեր են ցույց տալիս հեռանկար:

Ներազգային համախմբվածությունը ամենից շատ քննադատվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների, համախոհների կողմից:  Ինչո՞ւ:

Դա կարող եք իրենց հարցնել: Ես կարող եմ ասել իմ ընդհանրացված դիտարկումը: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում կա երեք մոտեցում: Առաջինը այն է, որ արտաքին վտանգի դեպքում բոլոր քաղաքական, հասարակական ուժերը պետք է համխմբվեն Հայաստանի ու Ղարաբաղի շահերի շուրջ եւ զուգահեռաբար ու արագ ձեռնամուխ լինեն ներքին արմատական բարեփոխումների: Այս մոտեցումը ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Երկրորդը «Սերժ Սարգսյանին հեռացնելու լավագույն պահն է» թեզի կրողներն են, այսպես ասած` քոչարյանամերձ շրջանակները, որոնք որեւէ գործ չեն անում` դրանով իսկ ցույց տալով այդ գաղափարի սնանկությունը: Որովհետեւ եթե դա (ըստ իրենց) Հայաստանի ու Ղարաբաղի փրկության միակ ճանապարհն է, նման մոտեցման կողմնակիցների իսկույն եւեթ փողոց դուրս չգալը Հայաստանի ու Ղարաբաղի շահերին դավաճանել է նշանակում: Իսկ երրորդը ռեալ քայլերի դեռեւս անպատրաստ իշխանությունն է, որը, ցավոք, իր գործունեությամբ դեռ չի տալիս այնպիսի ուժեղ, լուրջ ազդանշաններ, որ ներքին կյանքում ինքը պատրաստ է գնալ արմատական փոփոխությունների, որոնք էապես կառողջացեն Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ