News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալների համաձայն՝ ապրիլին Հայաստան ապրանքների ներկրման ծավալները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 1.8 անգամ (!): Այս ցուցանիշը մասամբ ապահովվել է հաշվարկային ցածր բազայի շնորհիվ. անցյալ տարվա ապրիլին ներկրումը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով: Սակայն որակյալ տեղաշարժ, ամեն դեպքում, կա:

Այսպես. 2014 թվականի ապրիլի համեմատ՝ աճը հասնում է գրեթե 20%-ի: Սա քիչ չէ՝ հաշվի առնելով վերջին շրջանի միտումները: Նկատենք, որ հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով անկում է գրանցվել (12.2%-ով), իսկ մարտին աճը (8.0%), ամեն դեպքում, չհասավ երկնիշ թվի: Այսինքն՝ ապրիլին գրանցված այս ցուցանիշն անսպասելի էր:

Մինչեւ «ռեկորդային» ապրիլը, այսինքն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին, ներկրումը զգալիորեն կրճատվել է՝ 117.5 մլն-ով կամ 15.9%-ով: Ընդ որում, 20 խոշոր ապրանքային խմբերից անկում է գրանցվել 12 խմբում: Այս տեմպերին երեք խոշորագույն մակրոխմբերի (բնական ծագման մթերքներ, հանքային մթերքներ, ոչ թանկարժեք մետաղներ) մասնակցությունն արտահայտվել է 10%-ով՝ «մինուս» նշանով: Մնացյալ «մինուսները» բաժանվել են այլ խմբերում: Մանրամասն տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս ապրանքների հստակ տեսակներ առանձնացնել, որոնց մասով նշված ժամանակահատվածում ներկրումը կտրուկ կրճատվել է: Այդ պատճառով դիտարկենք անցյալ տարվա իրադրությունը:

Անցյալ տարի ներկրման կտրուկ անկումը (26.5%) երկու պատճառ ուներ: Նախ՝ կրճատվել է բազմաթիվ ապրանքների ֆիզիկական ծավալը: Երկրորդ՝ կրճատվել է ներկրման մեջ որոշ առաջատար ապրանքների մաքսային արժեքը (ասենք՝ ավտոմեքենա, նավթամթերք): Ընդ որում, հնարավոր է երկու գործոնների միաժամանակյա ազդեցությունը:

Այսպես, անցյալ տարի ներկրվող ավտոմեքենաների թիվը կրճատվել է 17 հազարով, իսկ գնային առումով՝ 145.7 մլն դոլարով: Միաժամանակ, մեկ միավորի մաքսային արժեքի նվազումը նպաստել է 38.6 մլն դոլարով ծավալի կրճատման: Նույնպիսի պատկեր է նավթամթերքի, ինչպես նաեւ չմշակված ադամանդի առումով, որոնք ավանդաբար ներկրման ապրանքներում ծավալով խոշորագույններից են: Թե ինչն է նպաստել ընթացիկ տարվա ապրիլին ռեկորդային տեղաշարժը, հայտնի կդառնա Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հերթական զեկույցի հրապարակումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ