News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նույնիսկ ամենափոքր ծախսy, եթե անարդյունավետ է գործում, ուրեմն պետք է անարդյունավետությունը հանել դրա մեջից ու դարձնել արդյունավետ` անկախ չափից` հազար դրամ լինի, թե` հարյուր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը`անդրադառնալով անարդյունավետ ծախսերի դեմ կառավարության պայքարին:

Գլխավոր գանձապետը  մեկ քայլ առաջ է համարում, որ կոռուպցիայի ու մենաշնորհների մասին տեղեկություններ ստանալու համար կառավարությունը կոչով դիմում է քաղաքացիներին ու լրագրողներին:

«Սա սովորական զարգացում է, մենք մի քայլ առաջ ենք գնացել: Քայլ առաջն այն է, որ չեն ուզում անջրպետ ունենալ հանրության հետ:  Հիմա մարդկանց հրավիրում են, հորդորում են` մասնակից լինեն, սա կառավարման համակարգի բարեփոխման մասին է խոսում: Համաձայն չե՞ք, որ հանրությունը կարող է ունենալ իր կարծիքը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե հանրության զգալի զանգված գիտի, որ դիզվառելիքի եւ շաքարավազի շուկայում կա մենաշնորհ, մինչդեռ վերջերս Ազգային ժողովում երբ այդ մասին բարձրաձայնեցին պատգամավորները,  վարչապետը  վստահեցրեց, որ մենաշնորհ չկա այդ ոլորտներում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ հանրության կարծիքն ամեն դեպքում կառավարությունը հաշվի չի առնում, ֆինանսների փոխնախարարը արձագանքեց.   

«Հանրությանը դիմելու առաջարկը բացասական բա՞ն է պարունակում… Ես չգիտեմ` հաշվի է առնում, թե ոչ, սա ձեւաչափ է, որն աննախադեպ է, առաջարկվում է հանրությանը մասնակից լինել, համարում եք` անարդյունավե՞տ է, ես չունեմ էդպիսի գնահատական»:

Հարցին, թե, օրինակ,  ինքը` որպես ՀՀ քաղաքացի,  գիտի՞  որեւէ մենաշնորհի  կամ  կոռոպցիայի դեպքի մասին, զարմացած պատասխանեց. «Ե՞ս, ես որտեղի՞ց պիտի իմանամ: Լավ կլինի, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով: Հիմա եթե ես` որպես քաղաքացի, սկսեմ բամբասանքով զբաղվել, ես ինքս ինձ չեմ հարգի, որովհետեւ եթե ես մի բանով չեմ զբաղվում, չգիտեմ, տեղեկացված չեմ, տվյալներ չունեմ ու դրա վերաբերյալ սկսեմ մտքեր արտահայտել ու դատողություններ անել խելացի դեմքի արտահայտությամբ, չեք ասի` բա անհարմար չէ՞»:

Հարցին, թե այդ դեպքում քաղաքացին, որը նախարար չէ,  վարչապետ չէ, կառավարության անդամ չէ, մասնագիտությամբ ուսուցիչ է, որտեղից պիտի իմանա կոռուպցիայի, մենաշնորհի մասին ավելի լավ, քան կառավարության ներկայացուցիչները, պատասխանեց

«Թող ուսուցիչը մատնացույց չանի որեւէ դեպք, ով որ  տեղեկացված է, տվյալներ ունի, նա անի… եթե ուսուցիչն այնքան խորացել է,  որ կարող է դատողություններ անել, թող ասի:  Իսկ ինչ է, քաղաքացին անկարո՞ղ է, ունակություններ չունի՞»:

Ֆինանսների փոխնախարարը  շեշտեց, որ կոռուպցիայի, մենաշնորհների ու անարդյունավետ ծախսերի պայքարի մասին խոսելը իր գործառույթը չէ:  

«Ես կառավարության ներկայացուցիչ եմ  վարչապետի որոշմամբ սահմանված կոնկրետ մի փաստաթուղթ ներկայանցնելու համար: Ինձ հարցնում եք մի բան, որը իմ գործունեության հետ կապ չունի, համաձայն չե՞ք, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Ես համոզված եմ, որ  մեր երկրում եթե ամեն մարդ զբաղվի իր գործով ու փորձի իր գործն անել առավելագույնս լավ, մենք կունենանք բոլորովին ուրիշ պատկեր»:

Տպել
Ամենաշատ