News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրերս կայացել է ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի թվով 12-րդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին ներկայացրեց հունական դաշնամուրային երաժշտություն:

Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական Մշակույթի օրերի շրջանակում եւ Հունաստանի դեսպանության բարձր հովանու ներքո: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում հնչեցրեց Հունաստանի 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Յաննիս Քսենակիսի, Նիկոս Սկալկոտտասի, Յեորղիա Սպիրոպուլոսի, Դիմիտրիս Իկոնոմուի, Նիկոլաս Ձորձիսի, Զեսսես Սեղլիասի, Պանայոտիս Ա. Կոկորասի, ինչպես նաեւ հունական ծագումով հանրահռչակ միստիկ մտածողի՝ Գեորգի Գուրջիեւի ստեղծագործությունները:

«1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի եւ ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի շրջանակներում այս համերգը թվով տասներկուերորդն է եւ այս անգամ պատիվ ունենք ներկայացնելու հայ ունկնդրին հունական  երաժշտությունը, որտեղ Դաշնակահարը կներկայացնի մի շարք հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներ: Այդ առիթով խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Հունաստանի  դեսպան` պարոն Իոաննիս Տայիսին՝ միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն եւ ճշգրիտ պատրաստակամություն ցուցաբերելու համար»,- նշում է Դաշնակահարի մենեջեր, 1900+ նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:

 Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. հոկտեմբերին եւ մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական, չեխական, բրազիլական եւ ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակներում 2011թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ եւ լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013թ. թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաեւ հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: 2016թ. նախագծի շրջանակներում թողարկվել է ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Տաթեւ Ամիրյանի ստեղծագործությունների «Ortus» ձայնասկավառակը : Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ