News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի Le Petit Journal հանրահայտ հաղորդումը, որը երգիծանքի ժանրով ներկայացնում է օրվա նորությունները, պատմել է, թե ինչպես են ռուսաստանցի լրագրողները, մասնավորապես  «Ռոսիա 24-ը», նորություններ հաղորդում Ֆրանսիայից: Հաղորդումն անդրադարձել է Դմիտրի Կիսիլյովի «Շաբաթվա լուրեր» ծրագրի մայիսի 15-ի թողարկմանը, իսկ այնուհետեւ հանդիպել է մարդկանց, որոնց հետ զրուցել էին ծրագիրը պատրաստած ռուսաստանցի լրագրողները, հայտնում է RFI ֆրանսիական միջազգային ռադիոն:

«Ռոսիա 24-ի» կայքում «Շաբաթվա լուրերը» 52-րդ րոպեից պատմում է Ֆրանսիայում տիրող իրավիճակի մասին:

Հիմնական թեման ներկայացված է որպես Ֆրանսիայում եվրասկեպտիկների շարժման աճը: Այդուհանդերձ լրագրողների թիմը հիմնականում նկարահանել է աշխատանքի մասին օրենքից դժգոհ ցուցարարներին, որոնք հարցերին պատասխանել են հենց այդ ենթատեքստում՝ ոչինչ չասելով ո՛չ  Եվրոպայի, ո՛չ եվրասկեպտիցիզմի մասին:

Երբ Le Petit Journal-ի լրագրողները սյուժեի հերոսներին ցույց են տվել նրանց իսկ բառերի ռուսերեն թարգմանությունը, նրանք չեն ճանաչել իրենց արտահայտությունները: «Դա ահավոր է,  զզվելի եւ վիրավորական, որ իմ բառերն այդպես աղավաղել են: Դա անգամ սխալ թարգմանություն չէ, դրանք ուղղակի հորինած բառերն են»,- ասել է լրագրողներին հարցազրույց տված ցուցարարը, որի բառերը ռուս լրագրողների «թարգմանությամբ» հնչում էին արդեն այնպես, թե ինքը վախենում է միգրանտներից: «Ոչ, ես նրանցից առհասարակ չեմ վախենում: Ես լրագրողներին ասել եմ, որ ինձ ապահով եմ զգում, եւ միգրանտների հարցը ինձ համար վտանգի զգացողության հետ բոլորովին կապ չունի»,- ասել է նա:

«Դուք անազնիվ մարդ եք, ինձ ռասիստ եք ներկայացրել»,- ռուս լրագրողին է դիմել տարեց կինը իր հարցազրույցը տեսնելուց հետո:

Նուազի Լե Սեկի քաղաքապետարանի նախկին աշխատակցուհու հարցազրույցը 12-րոպեանոց սյուժեում տեւում է 6 րոպե: Օրիգինալ տեքստը լսվում է թարգմանությանը զուգահեռ: Լսվում է, թե ինչպես է լրագրողը փորձում կնոջն այնպիսի հարցեր տալ, որոնք խոսակցությունը կտանեն իր  համար ցանկալի հունով: Լրագրողը հարցնում է, թե քանի մզկիթ կա քաղաքում, թե քաղաքացիներն իրենց հաշվին են պահում միգրանտներին, ինչպես նաեւ պնդում է, որ կինը նշի, թե քանի միգրանտ է բնակվում իրենց քաղաքում:

«Վեստիի» հաղորդման մեջ կինը բողոքում է, թե իբր իրեն թոշակի են ուղարկել եւ ալժիրցի ու թուրք 3 միգրանտի աշխատանքի ընդունել: Ռուս լրագրողների պատրաստած հաղորդումը տեսնելուց հետո կինը զարմացած էր մնացել. «Դրանք իմ բառերը չեն: Դա սուտ է ու իմ ասածի սխալ մեկնաբանում»,- ասել է նա Le Petit Journal-ի լրագրողին:

Նշենք, որ «Ռոսիա 24»-ի կայքում տեղադրված սյուժեն արդեն փոփոխությունների է ենթարկվել, կնոջ այդ բառերն արդեն հանվել են: Սկզբում հաղորդումն ամբողջովին հեռացվել էր կայքից, իսկ հետո տեղադրվել էր նորից որոշակի փոփոխություններով:

Եվս մեկ դրվագում խոսք է բացվում Փարիզի լիցեյներից մեկի մասին, որը «զավթել» են միգրանտները: 19-րդ շրջանի քաղաքապետը Le Petit Journal-ին հայտնել է, որ շենքը դատարկ էր 2011-ից, այսինքն՝ նախքան միգրացիոն ճգնաժամը:

«Հասարակ ֆրանսիացիներից» բացի, սյուժեում հայտնվում են նաեւ քաղաքական գործիչներ: Բրյունոյի նախկին քաղաքապետ Լե Մերը իր հարցազրույցը տեսնելուց հետո ցանկություն էր հայտնել, որ ռուսական հեռուստաալիքները չկտրեն իր բառերը եւ փոխանցեն ճշգրիտ: «Սյուժեում ասվածը նման չէ նրան, ինչի մասին ես խոսում էի իրականում»,- ասել է նա Le Petit Journal-ին: Ռուս լրագրողների թարգմանության  մեջ հնչում են այնպիսի բառեր, թե մենք պետք է ավելի շատ բարեկամություն անենք Ռուսաստանի հետ:

Այդ շեշտադրությամբ էլ ռուս լրագրողը եզրափակում է իր հաղորդման միտքը. «Ուղերձը պարզ է: Եվրոպայի պատճառով Ֆրանսիայում փողոցներում կոտրում են ամեն բան, ժողովրդավարություն այլեւս չկա, միգրանտները բոլորին վախի մեջ են պահում, զբաղեցնում են ֆրանսիացիների աշխատավայրերը, դպրոցները: Մնում է մեկ ելք՝ Ռուսաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ