News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն ինքնուրույն կառույց է, օրենսդիր իշխանություն է եւ գործադիր իշխանության ասածները ԱԺ-ի համար չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով կրճատումների ու խնայողությունների մասին կառավարության հայտարարություններին:

«Վարչապետը եւս ասաց` մենք կհորդորենք իշխանության մյուս ճյուղերին: Այդ խնայողությունները վաղուց են սկսել կատարվել, օրինակ, միայն գործուղումների մասով տնտեսումները վաղուց են սկսվել: Ես ինքս եմ շատ հաճախ անհարմար զգում, որ պատգամավորին խնդրում եմ եվրոպական երկիր մեկնել ոչ թե մեկ կանգառով, այլ դա կատարել որեւէ այլ քաղաքի միջոցով, որովհետեւ տոմսերի գները երբեմն 40-50 տոկոսով տարբերություն են տալիս»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ վերջին նման այցելությունը եղել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության մասնակցությունը, որոնք մեկնել են Ֆրանսիա են մեկնել Մոսկվայով, եւ յուրաքանչյուր տոմսի դեպքում՝ տարբերությունը եղել է 600-700 դոլար: «ԱԺ որեւէ փոխնախագահ, կամ հանձնաժողովի նախագահներ երբեւէ չեն օգտվել բիզնես-կլասի տոմսերից»,-ասաց նա:

Թովմասյանը կարծում է, որ երբեք ինքնանպատակ չպետք է լինի կրճատումներ կատարելը, պետք է նայել, թե ինչ խնդիրն ենք դնում եւ դրա համար ինչ կառուցվածք է պետք:

«Միջազգային պրակտիկան վկայում է, որ խորհրդարաններին կից գործում են օրենսդրության համակարգման եւ կատարելագործման գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք վերցնում են օրենսդրության մշակման հիմնական բեռը: Այսինքն պետք է նայել, թե ինչ խնդիր ունես եւ ինչ կառուցվածք է պետք դրան հասնելու համար: Պետք է նայել, թե արդյոք ավելի փոքր կազմով կարելի է լուծել այդ խնդիրները»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ կրճատումները պետք է սահուն անել:

«Ինձ համար դժվար է անգամ տեխնիկական անձնակազմից որեւէ մեկին աշխատանքից հեռացնելը՝ լինի այգեպան, թե հավաքարար, եթե անգամ նա 80 տարեկան է»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե կրճատումները կարող են հանգեցնել սոցիալական բեռի ավելացման, քանի որ մարդիկ գործազուրկ են դառնալու, Թովմասյանը հակադարձեց. «Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց ի՞նչ եք առաջարկում, միայն այդ նպատակով պահել ավելորդ հաստիքնե՞ր: Արդյունավետ պետությունը նաեւ արդյունավետ չինովնիկներն են»:

Նա նշեց, որ ԱԺ-ում կրճատվել են գործուղման ծախսերը, էներգետիկ ծախսերը, կապի համար նախատեսված միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ