News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Քարկոփ համայնքում բնակվող 44-ամյա Մհերը 2.8 տարեկան աղջկան միայնակ է մեծացնում, ասում է, որ կինը լքել է երեխային դեռ 7-8 ամսականում ու չի հետաքրքրվում նրա ճակատագրով: Փոքրիկին խնամելու հարցում Մհերին օգնում են ծնողները: Ընտանիքն ապրում է մի սենյակում, որը նախկինում ծառայել է որպես ավտոտնակ:

Միակ եկամուտը Մհերի ծնողների ստացած ծերության թոշակն է՝ 63.000 դրամի չափով, որը սակայն չի բավարարում: Դեռեւս 16 տարեկանում սրտի վիրահատություն տարած Մհերը չի կարողանում աշխատանք գտնել:

«Ուր գնում եմ, որ աշխատանքի ընդունեն, մերժում են, ասում են դու հիվանդ տղա էս, չես կարա ծանր գործ անես: Վախենում են, որ գործի ժամանակ մի բան կլինի հետս»,- ասում է Մհերը:

Մինչ թոշակների հերթական վճարումը Մհերը խանութից «նիսյա» է վերցնում: Այնքան է վերցրել, որ պարտքը մեծացել է ու հիմա խանութում նրան այլեւս ապրանք չեն տալիս:

«Ասում են ձեր եկամուտը քիչ ա, էդքանը չես կարենալու տաս»,- ասում է Մհերը:

Փոքրիկ Անիի համար հայրն ընդամենը մեկ անգամ է կարողացել որեւէ իր գնել: Տարիներ շարունակ Անին հագնում է հարեւան-ծանոթների տված օգտագործած շորերը:

«Մեկուկես տարի առաջ կլիներ, գնացել էի Ալավերդի, 2000 դրամով մի զույգ կոշիկ էի առել երեխու համար»,- հիշում է հայրը:

Չնայած վատառողջ վիճակին, Մհերը թոշակ չի ստանում: Ասում է, որ բժշկական փաստաթղթերի պատրաստման համար մեծ գումար է անհրաժեշտ: Ընտանիքը մինչ այժմ չի օգտվել նաեւ ընտանեկան նպաստի համակարգից: Տարբեր մարդկանց խորհրդին հետեւելով Մհերը միայն վերջերս է դիմել սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ Փարոս համակարգում ընդգրկվելու համար:

Ընտանիքի կարիքները ու կուտակված պարտքերը թեթեւացնելու համար  աջակցության ակնկալիքով բացվել է հաշվեհամար՝ Մհեր Խառատյանի անունով՝  Արդշինբանկ ՓԲԸ –ի Ալավերդի  մասնաճյուղում  2477903242600000:

Երեխայի հոր հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077279769

Տպել
Ամենաշատ