News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Լեւոն Մկրտչյանի  եւ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյի՝ Արարատի մարզի դպրոցներ այցելության ժամանակ: Նրանք ծանոթացել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր եւ Սյունիք,  իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի  թիվ 2  հիմնական դպրոցում  ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման ողջ ընթացքը՝ սկսած խոհանոցային պարագաների ձեռքբերումից մինչեւ  կերակրացանկի  հաստատում,  սննդի պատրաստում եւ  մատուցում: Մասիսի թիվ 2 դպրոցում կազմակերպվում է տաք սնունդ, որից օգտվում է  390 աշակերտ:

Ընդգծելով, որ ծրագրի իրագործումը կառավարության կողմից դիտվում է նպատակային՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին:  Կարեւոր նախապայման են համարվում խոհանոցի առկայությունը եւ սանիտարական նորմերի պահպանումը: Նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. «Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից  դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաեւ Շիրակի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք  առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝  փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես ծրագրի իրագործումն ավելի դյուրին է մեծ դպրոցներում, որտեղ կան խոհանոց եւ համապատասխան այլ պայմաններ, մինչդեռ փոքր դպրոցներում խոհանոցներ ստեղծելու համար տարածքներ չկան:

«Համոզված եմ, որ ծրագիրը պետք է շարունակել եւ հասնել նրան, որ ողջ հանրապետության դպրոցներն ընդգրկվեն եւ նույնիսկ ավելի բարձր դասարաններն էլ ներառվեն: Բացի սննդից, ծրագիրն ունի նաեւ դաստիարակչական նշանակություն.  ծրագիրը երեխաների մոտ ձեւավորում է կարգապահություն, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթ: Ես ուշադրություն դարձրեցի, որ բոլոր երեխաներն իրենց ափսեները հավաքում են, այսինքն` սա նաեւ դաստիարակություն է»,-իր խոսքում նշել է Լ. Մկրտչյանը:

Պետական  ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից  1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: Ծնողական  համայնքը սեփական նախաձեռնությամբ  շատ դպրոցներում ցուցաբերում  է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող  սնունդը ավելի բազմազան եւ հարուստ  լինի:

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն  Հայաստանում  "Կայուն դպրոցական սնունդ" ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ  2010 թվականից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի  դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար  արժողությամբ խոհանոցային կահույք եւ սարքավորումներ:

Տպել
Ամենաշատ