News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ի՞նչ խնդիրներ են մտահոգում հայ բանկիրներին, ի՞նչ անեն վարկառուները, որոնց համար վարկերի պատշաճ սպասարկումը գնալով դժվարանում է, ո՞րն է բարձր հեղինակության առավելությունը՝ այս ամենի մասին իր հարցազրույցում խոսեց «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:

Պարոն Թառումյան, այս տարվա առաջին երեք ամսվա վիճակագրությունը բանկային համակարգի մասով չափավոր բացասական է: Ո՞ր գործոններն են, ըստ Ձեզ, ամենամեծ ազդեցությունն ունենում բանկային համակարգի վրա 2016թ.:

2015թ. ՀՆԱ աճը (3%) կանխատեսվածից բարձր էր, բայց դրանով լավ նորություններն ավարտվում են: 2015թ. շատ դժվար տարի էր բանկային համակարգի համար: Մասնավոր փոխանցումների՝ ավելի քան մեկ երրորդով (35%-ով) կրճատումը հանգեցրեց ներդրումների, ներքին առեւտրաշրջանառության, եւ հետեւաբար նաեւ ներկրման ծավալների կտրուկ անկման, տնտեսության որոշ ճյուղերի զրոյական աճի (օրինակ՝ շինարարության): Դա իր հերթին պատճառ դարձավ վարկավորման ծավալների նվազման եւ վարկային պորտֆելի որակի վատթարացման: 2016թ. առաջին եռամսյակում մասնավոր դրամական փոխանցումների ծավալի անկումը գործնականում դադարեց, եւ այսօր տնտեսական ակտիվության հիմնական ցուցանիշները դրական են կամ զրոյական, բայց ոչ բացասական:

Այս պայմաններում, չնայած վարկավորման աճի ցածր տեմպերին, ուրախացնում է այն, որ վարկավորման ծավալը ոչ թե կրճատվում, այլ ավելանում է: Մտահոգության տեղիք է  տալիս բանկային համակարգի երկու ցուցանիշ՝ չաշխատող վարկերի ծավալը, որը կազմում է գրեթե 11%, եւ բանկերի շահութաբերությունը, որը գնալով մոտենում է զրոյին: Զանազան արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությունը վկայում է այն մասին, որ ընթացիկ տարում բանկային համակարգը շարունակելու է աշխատել տնտեսական ցածր ակտիվության եւ բանկային ծառայությունների նկատմամբ համեմատաբար ցածր պահանջարկի պայմաններում: Վերջինս պայմանավորված է նաեւ բնակչության թվի կրճատմամբ:   

Կար՞ող եք առանձնացնել գլխավոր դրական եւ գլխավոր բացասական գործոնները:

Գլխավոր բացասական ազդեցությունը գալիս է Ռուսաստանից, որտեղ նավթի ցածր գների պայմաններում տնտեսական անկումը շարունակվում է: Հույս ունենանք, որ տարվա երկրորդ կեսին ականատես կլինենք Ռուսաստանի եթե ոչ տնտեսական աճի վերականգնմանը, ապա գոնե նշանակալից չափով անկման տեմպերի դանդաղեցմանը: Մյուս բացասական գործոնն ավելի երկարաժամկետ է եւ կապված է Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխումների դանդաղ ընթացքի հետ:   

Հայաստանի տնտեսության վրա զգալի դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանում սպասվող կտրուկ տնտեսական աճը՝ պայմանավորված պատժամիջոցների վերացմամբ: Կան նաեւ դրական սպասումներ՝ կապված  ՀՀ ԿԲ կողմից 2014-2015թթ. իրականացվող աննախադեպ կոշտ դրամավարկային քաղաքականությունը հետեւողականորեն մեղմացնելու հետ: Մենք ակնկալում ենք միաձուլումների ու ձեռքբերումների նոր գործարքներ բանկային համակարգում, որոնց արդյունքում խոշորացած բանկերը կդառնան ավելի հուսալի ու արդյունավետ: Բանկերում ներդրումների արդյունավետությունը չափվում է կապիտալի շահութաբերությամբ (Return on Equity): Ասեմ, որ 2016թ. առաջին եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը ՀՀ բանկային համակարգում կազմել է ընդամենը 2.2% : Սա շատ ցածր ցուցանիշ է, եւ բանկերը պետք է ջանքեր գործադրեն իրավիճակը բարելավելու համար:   

2015թ. բանկերի ամենացավոտ խնդիրը վարկերի վերադարձելիությու՞նն էր: Ինչպիսի՞ն է իրավիճակը 2016թ:

Հայաստանում ավանդաբար վարկային պորտֆելի որակը եղել է բարձր մակարդակի վրա: Մինչեւ 2008-2009թթ. չաշխատող վարկերի կշիռը չէր գերազանցում 4-5%-ը: Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ ցուցանիշը հասավ 8.4%-ի 2014թ., իսկ 2015թ.՝ առաջին անգամ գերազանցեց 10%-ը: Ամերիաբանկում այս ցուցանիշն ավելի ցածր է եղել, իսկ այս տարվա ընթացքում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը վարկային պորտֆելում արդեն կրճատվել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 5.35%: Ցավոք, բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշը էական փոփոխություն չի դրսեւորում եւ շարունակում է մնալ բարձր՝ շուրջ 11%: Լավ նորությունն այն է, որ այսօր բանկերում առկա չաշխատող վարկերն անցյալ տարիների ժառանգությունն են, իսկ նորերի շրջանում չաշխատող վարկերի աճ, բարեբախտաբար, չի նկատվում: Ըստ մեր գնահատականների՝ չաշխատող վարկերի կշիռն արդեն հասել է առավելագույնի եւ 2016թ. այս ցուցանիշը կնվազի:

Իսկ եթե իրավիճակը գնահատենք վարկառուի՞ տեսանկյունից: Շատերի համար վարկային բեռը նրանց ուժերից վեր է: Եվ միշտ չէ, որ վարկառուի մեղքով:

Դեռ երկու տարի առաջ վարկառուներն աշխատում էին այլ պայմաններում: Վաճառքի ծավալները զգալիորեն ավելի բարձր էին, իսկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը՝ 15-20%-ով ցածր: Շնորհիվ բարձր պահանջարկի եւ ռուբլու բարենպաստ փոխարժեքի` աճում էին արտահանման ծավալները դեպի Ռուսաստան: Սակայն արտաքին տնտեսական ցնցումներն ու դրամի արժեզրկումը բացասաբար անդրադարձան վարկառուների ֆինանսական վիճակի վրա, հետեւաբար թուլացավ նաեւ նրանց՝ վարկերն սպասարկելու կարողությունը: Դուք գիտեք, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի ավելի քան 75%-ը դոլարային վարկեր են (որովհետեւ բանկերի պարտավորությունները եւս մեծամասամբ դոլարով են): Բիզնես-վարկերի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ այստեղ դոլարիզացիայի մակարդակն ավելի բարձր է, իսկ դրամական մուտքերը մեծապես կախված են ներքին թույլ սպառումից եւ արտահանումից (որը, որպես կանոն, կախված է ռուսական շուկայից): Եթե հաճախորդի բիզնեսը կայուն է, սակայն արտաքին ցնցումների, ներքին պահանջարկի անկման եւ փոխարժեքների տատանումների հետեւանքով դրամական մուտքերը ժամանակավորապես նվազել են, մենք առաջարկում ենք օգտվել մեր բանկի փաթեթից, որը գործում է մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը: Առաջարկի գաղափարն այն է, որ այլ բանկերի վարկառուները, որոնք նախորդ տարվա ընթացքում պատշաճ կերպով սպասարկել են իրենց վարկը, կարող են այն վերաֆինանսավորել Ամերիաբանկում ավելի բարենպաստ պայմաններով, որոնք թույլ կտան թեթեւացնել վարկային բեռը:

Վերաֆինանսավորման արդյունքում վերանայվում են վարկի պայմանները՝ ժամկետը, տոկոսադրույքը, մարման ժամանակացույցը, որպեսզի վարկառուի կողմից կատարվող ամսական մարումների գումարը նվազեցվի նրա դրամական մուտքերին համապատասխան: Ակցիան գործում է ինչպես փոքր եւ միջին բիզնեսի, այնպես էլ հիփոթեքային վարկերի եւ ամեն տեսակ սպառողական վարկերի դեպքում:

Եթե անդրադառնանք ձեր կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին, ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ: Որքան՞ով է կարեւոր բարեհաջող համագործակցության համար բանկի կողմից հաճախորդի բիզնեսի ըմբռնումը:

Կարծում եմ՝ անցել են այն ժամանակները, երբ բանկերին քիչ էր հետաքրքրում հաճախորդի բիզնեսի հաջողությունը, երբ վարկավորման հիմնական նախապայմանը  գրավն էր, երբ հաճախորդի բիզնեսը թափանցիկ չէր, իսկ արդյունավետությունը՝ երկրորդական: Բարեբախտաբար, Ամերիաբանկն ի սկզբանե ընտրել էր հաճախորդի հետ սերտ համագործակցության ռազմավարությունը: Այսօր մեր հաճախորդների շարքում են կայացած ընկերություններ, որոնց հետ մենք երկար ճանապարհ ենք անցել: Մեր բանկում աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում մասնագիտացած անձինք, եւ նրանց օգնությամբ բանկը գնահատում է վարկային ռիսկերը, իսկ հաճախորդը՝ հնարավորություն ստանում իր բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու: Բացի դրանից, մենք փորձում ենք պատկերացում կազմել հաճախորդների ֆինանսական ու արտադրական ռիսկերի մասին, հասկանալ նրանց կախվածությունը փոխարժեքի տատանումներից եւ արտաքին ցնցումներից: Այդ ռիսկերը զսպելու համար մենք հաճախորդների նկատմամբ կիրառում ենք որոշակի պայմանագրային սահմանափակումներ, որոնք պաշտպանում են նրանց բիզնեսը ձախողումներից:

Ինչպե՞ս կբնութագրեք բանկի պասիվների բազան:

Կարելի է ասել, որ մենք ունենք պարտավորությունների իդեալական կառուցվածք: Դրանք լավ դիվերսիֆիկացված են ըստ աղբյուրների՝ հաճախորդներից ներգրավված միջոցներ (ժամկետային եւ ցպահանջ), միջազգային ֆինանսական հաստատություններից ստացված վարկեր եւ այլ խոշոր ներգրավումներ (արտասահմանյան բանկերից ներգրավված միջոցներ, ստորադաս փոխառություններ, պարտատոմսերի թողարկում, առեւտրի ֆինանսավորման գործիքներ), եւ յուրաքանչյուրն ունի գրեթե հավասար տեսակարար կշիռ բանկի պարտավորությունների կառուցվածքում: Ինչպես գիտեք, Ամերիաբանկն առաջատարն է ՀՀ բանկային  համակարգում ինչպես ընդհանուր պարտավորություններով, այնպես էլ հաճախորդներից ներգրավված միջոցներով: Ավելին, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների մասով մենք արձանագրում ենք շարունակական աճ, չնայած, որ շուկայում առկա են տոկոսադրույքների առումով ավելի գրավիչ առաջարկներ:

Մեր կարծիքով, հաճախորդները գնալով ֆինանսապես ավելի գրագետ են դառնում, եւ նրանց համար ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերում սպասարկման որակը, բարձր իրացվելիությունը եւ բանկի կապիտալի համարժեքության, հետեւաբար նաեւ հուսալիության մակարդակը, քան գերբարձր տոկոսադրույքները: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները զգալիորեն նվազեցնելու համար: Եվ այդ ջանքերի արդյունքն ակնհայտ է. այսօր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական շուկաներից միջոցներ է ներգրավում ավելի ցածր տոկոսադրույքներով, քան Հայաստանի եւ տարածաշրջանի բանկերի մեծ մասը: Մեծ դեր է խաղում նաեւ մեր բանկի հեղինակությունը:  

Քանի որ խոսեցինք հեղինակությունից, ինձ հայտնի է, որ մայիսին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հաստատեցին Ամերիաբանկի բարձր համբավը միջազգային ֆինանսական հաստատությունների շրջանում:

Այո, իրավացի եք: Մայիսի առաջին կեսը մեզ համար լավ նորությունների շրջան էր: Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B+ վարկանիշը՝  կանխատեսումը մեկ տարի առաջվա բացասականից փոխելով կայունի: Այն, որ կանխատեսումը սահմանվել է «կայուն», նշանակում է, որ ըստ գործակալության գնահատականների՝ Ամերիաբանկը կպահպանի իր դիրքերը, չնայած արտաքին միջավայրի ճնշմանը: Մենք նաեւ ստորագրեցինք 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Զարգացման եւ ներդրումների գերմանական ընկերության հետ (DEG)՝ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար: Եվս մեկ հաճելի իրադարձություն՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Ամերիաբանկին շնորհեց «Տարվա գործարք էներգաարդյունավետության ոլորտում» մրցանակը` Հայաստանում ջերմոցների ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարձրացմանը նպաստելու համար:

Պարոն Թառումյան, այսօր շատերը երկարաժամկետ ծրագրեր չեն կազմում, նախընտրում են զարգացման պահպանողական մոդելներ, որոնք հատուկ են անկում կամ լճացում ապրող շուկաներին՝ պահպանել բիզնեսի ներկա մակարդակը, սպասել, մինչեւ ճգնաժամն անցնի: Դուք ընտրել եք այլ ռազմավարություն՝  ագրեսիվ աճի ռազմավարությունը: Ընտրությունը գիտակցվա՞ծ էր:

Նախկինում, երբ բանկային համակարգի տարեկան աճը կազմում էր 15-20%, աճելու հնարավորություն ունեին բոլորը: Այսօր, երբ Հայաստանի տնտեսությունը գերհագեցած է վարկերով, նոր բիզնես-նախագծերի քանակը սահմանափակ է, եւ բանկերի միջեւ սրվել է մրցակցությունը, քչերն են կարողանում պարտֆելի աճ ապահովել: Նվազում է նաեւ բանկային մարժան: Ոչ արդյունավետ բանկերը դառնում են վնասաբեր, եւ հարց է ծագում՝ ինչու եւ ինչի հաշվին նրանք կարող են աճ ապահովել: Մեր բանկն ի սկզբանե որդեգրել էր այլ քաղաքականություն, որն ուղղված է երկարաժամկետ զարգացմանը, այլ ոչ թե կարճաժամկետ շահույթի ստացմանը:

Անցած տարվա վերջում Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքեց Հայաստանի համար երկու աննախադեպ գործարք, որոնց արդյունքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ներդրեց 40 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նպատակով, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ստորադաս փոխառություն: Շնորհիվ այս գործարքների` առաջիկա 3 տարվա ընթացքում վարկավորման ոլորտում մեր հնարավորությունները զգալիորեն կգերազանցեն շուկայի հնարավորությունները: Կապիտալի գրեթե կրկնակի աճը մեզ թույլ է տալիս ֆինանսավորել այնպիսի խոշոր նախագծեր, որոնք նախկինում միայնակ ի վիճակի չէր ֆինանսավորել որեւէ հայկական բանկ: Տարվա ընթացքում մենք ավելացրեցինք մեր մասնաբաժինը շուկայում 2 տոկոսային կետով՝ այն հասցնելով 15%-ի:

Եվ չնայած տնտեսական ակտիվության ժամանակավոր թուլացմանը եւ տնտեսաաշխարհագրական ռիսկերին, մենք լավատեսորեն ենք տրամադրված ապագայի հանդեպ եւ կազմում ենք հեռահար ծրագրեր: Մենք կարծում ենք, որ բանկերի նման ինստիտուցիոնալ կառույցները չպետք է կոշտ արձագանքեն տնտեսական ցիկլերին, որոնք անխուսափելի են, այլ պետք է լինեն կայուն գործընկեր բիզնեսի համար: Ասեմ ավելին՝ այսօր Ամերիաբանկի վարկային արշավների շրջանակներում մենք ոչ միայն վերաֆինանսավորում ենք այլ բանկերի տրամադրած վարկերը, այլեւ այլ բանկերի վարկառուներին հատկացնում ենք բավարար ծավալով լրացուցիչ վարկային միջոցներ, քանի որ մեր կապիտալը, մեր ֆինանսական ռեսուրսները դա թույլ են տալիս ի տարբերություն շատ այլ բանկերի, որոնք այսօր ի վիճակի չեն ֆինանսավորել իրենց հաճախորդներին կապիտալի եւ վարկային ռեսուրսների սղության պատճառով: Այնպես որ ներկա արդյունքները վկայում են, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ, եւ մեր ընտրած մոդելն արդարացված է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ