Գյուղնախարարության վերանորգման ծախսերն իմ հաշվին եմ արել, նախարարության համակարգում կոռուպցիան նվազագույնի է հասցված, իսկ ծախսերի խնայողությունը դեռեւս 2011-ից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանն՝ անդրադառնալով վարչապետի՝ կոռուպցիայի, մենաշնորհների եւ անարդյունավետ ծախսերի դեմ պայքարին:
«Հիմա քննարկում ենք հարցը, 55 մեքենա կրճատել ենք… Չի կարելի դրանց ասել անարդյունավետ ծախսեր, ժամանակները փոխվում են, կրճատումներ պիտի արվեն, մենք էլ ենք նախատեսում անպայման կրճատումներ: 2011-ից, երբ որ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ էդ ծախսերը կտրուկ նվազել են գնումների առումով: Գները խիստ ընկել են, խնայողություններ են եղել շատ լուրջ չափով հենց առաջին տարվանից սկսած: Տարիների ընթացքում մենք հասել են ենք էնպիսի մարկարդակի, որ էլ գները իջեցնելու տեղ չունենք»,-ասել է գյուղնախարարը՝ որպես օրինակ նշել պատվաստանյութերի ոլորտում արձանագրած հաջողությունը:
«Պատվաստանյութերի առումով մենք կարողացանք աշխատել անմիջապես արտադրողների հետ, անցյալ տարվանից, դրանից առաջ հնարավորություն չունեինք աշխատելու: Քանի որ անցյալ տարվանից ԵՏՄ անդամ դարձանք եւ արդեն ընդհանուր տնտեսություն է, համաձայնեցին աշխատել: Այս առումով, դա բավականին լուրջ ձեռքբերում կարող ենք համարել»:
Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ իրենց համակարգում կոռուպցիան նվազագույնի է հասցված: «Մեզ մոտ, հետաքրքրվեք բոլորից, կոռուպցիան նվազագույնի է հասցված: Գործուղումները մեզ մոտ շատ սահմանափակ են: Ես առաջին օրվանից, երբ սկսել եմ աշխատել, միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների, մեկ հոգի է ինձ ուղեկցել: Քանի որ իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի ծախսերի, ջրի ծախսերի դեմ: Ես որ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառ էին թողնում: Ես էությամբ էդպիսին եմ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է վերանորոգման վրա ծախսվող միջոցներին, նախարարը շեշտել է, որ ինքը նախարարությունում որոշ հատվածներ, մասնավորապես միջանցքը, վերանորոգել է իր գրպանի հաշվին. «Ամբողջ միջանցքը իմ աշխատավարձի հաշվին եմ վերանորոգել, նոր էի եկել, դեռ նախարարի աշխատավարձ չէի ստացել: Ծախսերը միշտ էլ սեղմելու տեղ կա»: