ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Համաժողովի մեկնարկը տրվել է մայիսի 25-ին եւ շարունակվելու է նաեւ մայիսի 26-ին:
Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի եւ այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: