News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արվեստի տեսակետից մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանն ահավոր գործ է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Մարշալ Բաբաջանյանի արձանը՝ որպես արձան, ընդհանրապես քննարկելուց դուրս է, որովհետեւ արվեստի տեսակետից ահավոր գործ է: Ինչ վերաբերում է գաղափարական հիմքին, ինձ համար անընդունելի է. զինվորականը, որը կրակում է կամ հրաման է տալիս կրակելու խաղաղ բնակիչների վրա, ինձ համար նա դառնում է դահիճ, ոչ թե զինվորական: Համաձայն չեմ այն արդարացումներին, թե երկիրն էր այդ տեսակ, ով էլ լիներ, կկատարեր: Նույնիսկ Սովետական միության մեջ են եղել դեպքեր, երբ բարձրաստիճան զինվորականները հրաժարվել են կրակել խաղաղ բնակիչների վրա, տուժել են, զրկվել են պաշտոններից, բայց զինվորականի պատիվը պահպանել են»,- ասաց Բաբայանը:

Մտավորականի խոսքով, խաղաղ բնակիչներին սպանած զինվորականը դահիճ է եւ անցյալի բոլոր սխարնքները ջնջվում են, հետեւաբար չարժեր մարշալի արձանը տեղադրել Երեւանում: Միեւնույն ժամանակ, Ռուբեն Բաբայանն ուրախ է, որ վերջապես տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը:

«Վաղուց էր ժամանակը, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրեին եւ այն հրապարակում, որն իր անունն է կրում: Նժդեհի արձանը դեռ չեմ տեսել եւ այդ մասով կարծիք չեմ կարող հայտնել: Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք մեծ դեր են ունեցել անկախ պետության կայացման մեջ, պիտի իրենց արձաններն ունենան: Այս տեսակետից Նժդեհի արձանը պետք է վաղուց տեղադրվեր»,- ասաց նա:

Նշենք, որ մասնագետների եւ քաղաքացիների շրջանում Նժդեհի եւ Բաբաջանյանի արձանը քննադատության առիթ է հանդիսացել: Մասնավորապես, մարշալի արձանը շատերը «անգրագետ» ու «տգեղ» են որակել այն՝ նմանեցնելով «օրենքով գողի» մահարձանի:

Հիշեցնենք, որ Համազասպ Բաբաջանյանի արձանը բացվել է օրեր առաջ: Այն գտնվում է Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում: Քանդակագործը Համլետ Մատինյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է մայիսի 25-ին, բացումը կլինի մայիսի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ