News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում բախումները Թուրքիայի մամուլի առաջին էջերում էին, բայց քիչ բան ասվեց այդ բախումներում իսրայելական զենքի առանցքային դերի մասին: Միայն թուրքական Hurriyet-ն անդրադարձավ Ադրբեջանի կողմի իսրայելական Harop անօդաչու թռչող սարքի մասին, որը հայկական կողմի բողոքն առաջացրեց: Այս մասին գրում է Al Monitor-ը:

Ըստ պարբերականի, սոցհարցումներում Ադրբեջանը պարբերաբար ներկայացվում է որպես Թուրքիայի ամենամոտ բարեկամը, մինչդեռ Իսրայելը պահպանում է լուրջ սպառնալիքի իր կարգավիճակը:

«Հետաքրքիր է, որ Իսրայելն Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակարարն է, եւ այս իրավիճակը հանելուկ է. ինչո՞ւ են թուրքերը լռում, երբ իրենց ամենամոտ բարեկամ Ադրբեջանն ու ամենամեծ հակառակորդը, եթե ոչ թշնամին՝ Իսրայելը, սերտ հարաբերություններ են զարգացնում: Հատկանշական է թուրքական հասարակության երկու շերտերի լռությունը. ուլտրա-ազգայնականների, որոնց հավատարմությունն Ադրբեջանին գրեթե բացարձակ է, եւ իսլամականների, որոնք Իսրայելին քննադատելու ոչ մի առիթ բաց չեն թողնում»,- գրում է պարբերականը:

Պարբերականի համաձայն, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Իսրայելը Թուրքիային փոխարինել է Ադրբեջանի կարեւոր ռազմական հովանավորի դերում: Ըստ նրա, այս մասին է վկայում 2012 թվականին Ադրբեջանի կողմից իսրայելական պետական Israel Aerospace Industries-ից անօդաչու թռչող սարքերի եւ հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային համակարգերի գնման շուրջ կնքված 1.6 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը: Կիրակոսյանի խոսքով, երկկողմ հարաբերությունները չեն սահմանափակվում զենքի առեւտրով:

«Երկրները շահերը համընկնում են երեք հիմնական ուղղություներով՝ անվտանգության եւ ռազմական փոխգործակցության, այդ թվում՝ հետախուզության ոլորտում համագործակցության; էներգետիկայի եւ առեւտրի; աշխարհաքաղաքական ռազմավարության»,- ընդգծում է հոդվածագիրը:

Թուրքիան, ըստ հրապարակման, միշտ Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել Իսրայելի հետ համագործակցության մակարդակը: «Հետեւաբար՝ «Եթե չես կարող հաղթել ինչ-որ մեկին, միացիր նրան» ասացվածքն այժմ իսրայելա-ադրբեջանական ռազմավարական բարեկամության հարցում թուրքական կառավարության չգրված կարգախոսն է դարձել: Փակ դռների հետեւում թուրք-իսրայելա-ադրբեջանական բլոկը, կարծես, լավ է աշխատում գրեթե բոլոր ճակատներում: Ուլտրա-ազգայնականների համար Հայաստանի դեմ Ադրբեջանի պոտենցիալ հաղթանակը գերիշխում է Իսրայելի հանդեպ թշնամանքի նկատմամբ»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ