News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մատաղիսի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը՝ գլխի հրազենային վիրավորումով: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է դեպքը պատահել: Վահեն  Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր: Ունի երկու եղբայր, որոնցից  մեկը՝ երկվորյակ: 19-ամյա Վահեն 10 ամիս առաջ էր զորակոչվել, դեպքից ընդամենը մեկ ժամ առաջ հեռախոսով խոսել էր ծնողների հետ ու ասել, որ ամեն ինչ լավ է:

Նույն օրը ցերեկը զինված ուժերում ևս մեկ մահ է եղել: Ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գեւորգյանը՝ կրծքավանդակի կտրած ծակած վերքով տեղափոխվել է Մեղրիի բուժկենտրոն, ճանապարհին մահացել: Նախաքննության տվյալներով՝ դեպքի օրը Հակոբը վիճաբանելն է ծառայակցի հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ ծառայակիցը սուր գործիքով հարվածել է Գեւորգյանի կրծքավանդակին: Կասկածյալը ձերբակալված է։

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել են 2015-ին տարբեր  բնագավառներում նշանակալի ավանդ ներդրած գործիչներ:

Ամերիկահայ գրող, Պուլիտցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանը մրցանակը ստացել է Ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Ամերիկահայ գրողը, որը աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակին արժանացել է Հայոց ցեղասպանության մասին «Օզոնի օրագիր» գրքի համար, համոզված է, որ մշակույթը կարեւոր դեր կարող է կատարել միջազգային ճանաչման գործում:

Մրցանակներ են ստացել նաեւ եգիպտոսցիներ Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքին: Նրանց հեղինակած  «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին առաջին արաբալեզու ֆիլմն է:

Կառավարությունը մերժել է  Թեւան Պողոսյանի հեղինակած օրինագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողների համար սերմնահեղուկի բանկ ստեղծել, որպեսզի զինծառայողների մահվան դեպքում հնարավոր լինի ապահովել նրանց՝ սերունդ թողնելու իրավունքը: Կառավարությունը իր մերժումը հիմնավորել է իրավական համապատասխան կարգավորումների բացակայությամբ:

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Նրանք պահանջում են անցած տարվա մթերած խաղողի պարտքը վճարել: Գյուղացիների խոսքով՝ վարչապետը խոստացել էր, որ մինչեւ մայիսի 10-ը պարտքը կմարվի, սակայն խոստումը չի կատարել։ Կառավարության մոտ մի քանի ժամ իրենց բողոքը ներկայացնելուց հետո, գյուղացիներն ակցիան շարունակել են նախագահականի մոտ, որտեղ նրանց ճանապարհել են հերթական խոստումով՝ մինչեւ հունիսի 1-ը կվճարեն։ Գյուղացիները հեռացել են՝ սպառնալով, որ վերջին հնարավարությունն են տալիս, եթե չվճարեն, կփակեն Արտաշատի ճանապարհը։ Նշենք, որ Քաղցրաշենի խաղողագործներին «Վինար» գինու գործարանի սեփականատեր Ավետ Գալստյանը պարտք է 70 միլիոն դրամ, իսկ հարակից գյուղերի բնակիչներին՝ 50 միլիոն։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ականատես, նրա համակուրսեցի Տիգրան Դեմիրճյանն այսօր դատարանում ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ տեսել է՝ ինչպես են սենյակում չորս հոգով Հայկազին ծեծում, սակայն չի միջամտել ու թաքնվել է՝ վածենալով, որ իր հետ էլ նույն կերպ կվարվեն: Նա լսել է, որ Հայկազը հայհոյել է, ապա փսխել: Դրանից հետո Հայկազի ձայնը չի լսել, տեսել է՝ ինչպես են նրան քարշ տալով տանում սենյակից:

Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ իրեն ու իր ընտանիքին վտանգ է սպառնում: Պատգամավորը դիմել է ոստիկանություն՝  իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով: Ուրիխանյանը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ վտանգ է սպառնում իրեն, հայտնի է միայն, որ խոսքը շորթման մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրենի գործի  մասին է, որում պատգամավորը ներգրավված է որպես տուժող կողմ:

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Mercedes-ը Արալես գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ընկուզենուն: Վթարի հետևանքով 17-19-ամյա չորս պատանի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրանից երկուսը՝ Հովհաննես Ալավերդյանը և Գոռ Հակոբյանը մահացել են: Մյուս երկու վիրավորներին տեղափոխել են Երևան:

Նախօրեին երկու սարսափելի հանցագործություն է կատարվել՝ մեկը Երևանում, մյուսը՝ Արմավիրում:

Երեւանի 48-ամյա բնակիչ Արմեն Առաքելյանը ձերբակալվել է 82-ամյա հորը սպանելու կասկածանքով: Ոստիկանությունում Արմենը պատմել է, որ հոր խնդրանքով նրան երկու անգամ «Կետոնալ» ցավազրկող է ներարկել՝ 45 րոպե ընդմիջումով, թեեւ գիտեր, որ այդ դեղը կարելի է ներարկել  առնվազն 6 ժամ ընդմիջումով. հետո տնից դուրս է եկել: Երկու ժամից վերադառնալով՝ տեսել է, որ հայրն ընկած է մահճակալի դիմաց եւ ծանր է շնչում: Շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա եւ ոչ մի օգնություն ցույց չի տվել: Մահացածի մարմնի  վրա հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում եւ քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:

Իսկ Արմավիրում 46-ամյա կինը նախնական տեղեկություններով կացնահարել է 76-ամյա մորը, որի վիճակը հիմա ծայրահեղ ծանր է: Գյուղապետարանից հայտնել են, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ուներ, ապրում էր մոր հետ ու երկար տարիներ տնից դուրս չէր գալիս:

Երեւանում մեկ օրում ինքնասպանության երկու փորձ է գրանցվել: Բաշինջաղյան փողոցում մի տղամարդ ինքն իրեն հրկիզել է: Այրվող քաղաքացուն նկատել է մոտակա ավտոլվացման կետի աշխատակիցը: Մինչեւ փրկարարների ժամանելը քաղաքացիները մարել են հրդեհը: Անձը չպարզված քաղաքացին մաշկի 95 եւ շնչուղիների 20 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Այսօր կեսօրին Բժշկական համալսարանի մոտ գտնվող վերգետնյա անցումի վրա 22 տարեկան երիտասարդը  փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները: Բարեբախտաբար, կատրվածքը մակերեսային է եղել, շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են օգնություն: Պարզվել է՝ երիտասարդը Բժշկական համալսարանի ուսանող էր:

Վերջին զանգին ընդառաջ ոստիկանությունը հորդորել է շրջանավարտներին հասարակական վայրերում լինել զուսպ ու հարգալից միմյանց նկատմամբ, ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, իսկ ծնողներին կոչ է արել երեխաներին մեքենա չվստահել՝ նշելով, որ վաղը ամբողջ օրը խստացված հսկողություն է լինելու փողոցներում: Ի դեպ, Հայաստանի բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ. շրջանավարտները կհարգեն զոհված զինծառայողների հիշատակը:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքներն աճել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.32, եվրոյինը՝ 534, ֆունտինը՝ 702 դրամ:

Երեւանում մայիսի 27-ի գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ