Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ննջասենյակում ծեծելուց հետո նրա սպանության մեջ մեղադրվողներից Գնել Թեւոսյանը սպառնացել է սենյակում գտնվող կուրսանտներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Երբ Հայկազին կախելուց եկել են սենյակ, Գնելը հայհոյանքներ է տվել, ասել է՝ ձեզ սենց, նենց կանեմ, եթե ձեն եք հանել, եթե ես էլ չանեմ, մարդիկ կան, որ կանեն»,- ասաց նա:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ հասկանում է, որ սենյակում գտնվող կուրսանտները վախից չեն կարողացել միջամտել:
Նշենք, որ դատարանում այսօր՝ մայիսի 26-ին հարցաքննվել է տուժող ճանաչված կուրսանտ Տիգրան Դեմիրճյանը, որը ականատես է եղեկ Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Նա դատարանում պատմել է, որ ինքը տեսել է մեղադրյալներին սենյակում՝ Հայկազի մահճակալի շուրջը, լսել է Հայկազի ձայնը, ինչպես է նա փսխում եւ վախեցել է, չի միջամտել: Այնուհետեւ տեսել է՝ ինչպես են Հայկազին տանում սենյակից, լսել է՝ ինչպես են մեղադրյալները որոշում կախել Հայկազի մարմինը թե պատշգամբից ցած նետել այն:
Նշենք, որ Տիգրան Դեմիրճյանը ընդգրկված է գործում որպես տուժող: Նա կոնֆլիկտ է ունեցել մեղադրյալներից Մովսես Ազարյանի հետ, որի ժամանակ Մովսեսը հարվածել է նրան քունքի հատվածում: Դեպքից հետո նա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից տեղափոխվել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: