News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները չեն պահպանվել: Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ NEWS.am-ը ներկայացնում է մայիսյան իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած մի քանի հայ կանանց՝ մեզ հասած կենսագրությունները:

 Նշխե  Քամալյան

Ծնվել է Բաշ-Ապարանում: 1918թ. մայիսի 21-29-ը զինվորական հագուստ հագած, զենքը ձեռքին, իր համագյուղացի Գյարան Մովսիսյանի հետ, որպես աշխարհազորային, մարտնչել է Բաշ-Ապարանի ռազմաճակատում:

1932թ. մտել է կոլտնտեսություն,աշխատել է որպես կալվոր, պահակ` կոլտնտեսության վառելանյութի պահեստում` մինչև թոշակի անցնելը:

Երբեք ամուսնացած չի եղել: Մահացել է 1970-ին:

Նուբար Գրիգորյան 

Ծնվել էր 1883թ. Վանի Արճեշ քաղաքում։ Վանի կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ սպանել էին հորը եւ 4 եղբայրներին։ Պահպանվել է նրա առաջին ամուսնու ողբերգական ճակատագրի մասին պատմությունը: Զինված թուրքերը հայ տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն:

Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում:

Նուբարին հաջողվում է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` հասնել Ղարս: Ղարսում ամուսնանում է սոգյութլեցի Եկմալյան Շաբոյի հետ, որը Կարսում զինվորական ծառայության մեջ է լինում։ Նրանք գալիս են Սոգյութլու։

1918թ. մայիսի 16-ին Սոգյութլու է մտնում Ալլա փաշայի գլխավորությամբ թուրքական ջոկատը։ Ըստ ականատեսների, Նուբարը տղամարդկանց հետ հավասար կռվում էր թուքերի դեմ: Կռվի ամենաթեժ տեղում նա, ճարպկորեն տեղից տեղ թռչելով, դիպուկ կրակով իրար հետեւից գետնին էր տապալում առաջ շարժվող թուրքերին:

Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցեցին նաեւ Ղուրշուդյան Ջեյրանը /Ջեյրոն/, Սարգսյան Թարգյուլին, Ենգոյի Վարսիկը, Հովեյի Նոյեմը, Մալխասի Շուշիկը, Խերքոն., Զառոն, Թառոն, Մուրադի Նոյեմը, Կտեյ Մարոն։

Էլլեն Բյուզանդ

 Ծնվել է Գյումրիում, ապրել Կարսում: Սովորել է Թիֆլիսի նշանավոր հովնանյան օրիորդաց վարժարանում:

1916թ. ընդունվելէ Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է ՀՅԴ կուսակցության անդամ:

1918թ. գալիս է Հայաստան և մասնակցում Սարդարապատի ճակատամարտին:

Աշխատել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար: Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել է: Փետրվարյան հեղափոխությունից հետո նրան ազատում են եւ ուղարկում Կամարլինի ճակատ, որտեղ նա մնում է մինչեւ 1921-ի ապրիլը:

Ամուսնանում է ապագա բժիշկ, ուսանող-կամավոր Հովհաննես Քյութքյանի հ ետ: 1921-ին Էլլենն ամուսնու հետ Հայաստանից մեկնում է Իրան: Նրանք 2 որդի են ունենում:

1929-ին ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա եւ 30 տարի ապրում Ալֆորվիլ քաղաքում: Զբաղվել է հասարակական-կուսակցական և գրական գործունեությամբ: Եղել է Ֆրանսիայի Հայ օգնության միության ղեկավար:

Կյանքի վերջին տարիները շատ ծանր էին. կորցրել է ամուսնուն և 2 տղաներին: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես` քրոջ և փեսայի մոտ, և ապրել նրանց հետ մինչև կյանքի վերջը (1970 թ.):

Նա այն հայ կին գրողն էր, որը գրականության մեջ հայ կնոջը դարձրեց գլխավոր հերոս: Նրա գործերից են «Նոր կին» վեպը, «Կարսը և ախպեր Արշոն» վեպը, «Ուխտագնացություն դեպի Վենետիկ», «Վահագնի» վեպերը, «Պահակ» մանկական պատմվածքները:

1981թ. Լոս Անջելեսում հրատարակվել է «Զրույց Կարսի մասին» պոեմը, իսկ «Սարի բոբչե» պոեմն ուղղված էր հայ ժողովրդի հերոս որդիներին` ֆիդայիներին և գյուղացիներին:

Թամարա Բեհբութովա 

Ծնվել է Թիֆլիսում: Ապրել է Մոսկվայի Պլյուշչիխա փողոցի հսկայական տան առաջին հարկում` զբաղեցնելով մի ընդարձակ բնակարան` ձեռագրերի, գրքերի, ամսագրերի, թերթերի կապուկների մի ամբողջ թանգարան: 

1912թ. Թամարան ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա` Փարիզում բժշկություն սովորելու: 

Պատերազմը սկսվելուց հետո նրա հայրը՝ գնդապետ Օսիպ Բեհբութովը, մեկնում է ճակատ: Նրան է հետեւում նաեւ կինը: Մի օր էլ տուն է գալիս գթության քրոջ համազգեստ հագած Թամարան` զարմացնելով իր Մարիա տատին: 

Երիտասարդ Բեհբութովան ծեր իշխանուհուն ասում է. «Եթե իմ նախապապը` Բաշ-Կադիկլարի, Քյուռուկ-Դարայի, Ախալցխայի հերոսը, օսմանների սարսափը` հետևակի գեներալ Վասիլի Օսիպովիչ Բեհբութովը, կենդանի լիներ կօրհներ իմ վճիռը…Դեռ չի եղել մի արդարացի պատերազմ, որին Բեհբութովների կանայք և տղամարդիկ մասնակցած չլինեն»: 

Կովկաս թերթի էջերում տպագրվում է երիտասարդ իշխանուհու  լուսանկարը. «Հին փառքը նորին է սիրում… իշխանուհի Թամարա Օսիպովնա Բեհբութովան գնում է թուրքերի դեմ պատերազմ, ուր արդեն կռվում են նրա հայրը, մայրը և հորեղբոր 4 տղաները… Բարի՛ ճանապարհ, իշխանուհի՛»: 

Ամբողջ պատերազմի ընթացքում նա 3 անգամ եղավ տանը, և նրա կրծքին փայլում էին հերթական պարգևները: Նա Գեորգիևյան 3 մեդալ վաստակեց, որոնք շնորհվում էին մարտերում անմիջական մասնակցության համար: 

1917թ. սկզբին Բաղեշ և Վան քաղաքների միջև՝ նահանջող ռուսական բանակի թիկունքում, քուրդ ավազակները հարձակվեցին Բեհբութով ամուսինների կառքի վրա, և Թամարան որբացավ: 

Հենց այս օրերին Թամարան հիվանդացավ բծավոր տիֆով: Պողոս Բեկ-Փիրումյանը Թամարայի հոր մոտիկ ծանոթն էր, որի հետևակային գնդում ծառայում էր Թամարան: Վերջինիս գնդապետն ուղարկում է Երևան բուժվելու: 

1918թ.Թամարա Բեհբութովան մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին` գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետևակային գնդի կազմում: 5-րդ հայկական հրաձգային գունդն ուրախությամբ ընդունեց իր գթության քրոջը:

5 օր ու գիշեր Թամարան իր ներկայությամբ ոգեշնչում էր մարտիկներին: Սարդարապատի հերոսամարտի 6-րդ օրը, երբ թուրքերն ամբողջ ճակատով նահանջում էին, պատահական գնդակը վիրավորում է Թամարային: 

Հունիսի կեսերին Բեհբութովային տեղափոխում են Թիֆլիս: Վերքը վտանգավոր չէր, և նա ապաքինվում է: 
1918թ. հոկտեմբերից Բեհբութովան ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը: Դեկտեմբերի 2-ին նրան կալանավորում են և գցում Մետեխի բանտ: 

1919թ. փետրվարին Վրաստանի մենշևիկները նրան բաց են թողնում  բերդից «անկախ վրացական պետության» սահմանը թողնելու պայմանով: Նրան աքսորում են Բաքու: Այստեղ էլ մուսաֆաթականները կալանավորում են նրան, նստեցնում շոգենավ, իսկ նրան ուղեկցող ժանդարմը ծաղրանքով խորհուրդ է տալիս. «Խանու՛մ, կմեկնես Ռուսաստան և հեղափոխություն կանես»:

Աստրախանի նավահանգստում նրան կրկին ձերբակալում են, այս անգամ՝ բոլշևիկները: Նրան փրկում է մանկության ընկեր Արտավազդ Կարաօգանովը, որի հայրը Կարսի հրետանու հրամանատարն էր եղել: 

1919թ. մարտի 12-ից Օսիպովնան դառնում է 11-րդ բանակի հատուկ բաժնի աշխատակից: Նրան տալիս են համազգեստ և ատրճանակ: Նա հրաժարվում է այդ համազգեստից և ծառայում քաղաքացիական շրջազգեստով: 
Աստրախանում նա շատ բարեկամներ է ձեռք բերում: 

Մեկ տարի անց 11-րդ բանակը պատրաստվում էր հարավ արշավել: Նա համաձայնեց մասնակցել արշավին, ուրախացավ, որ շուտով կվերադառնա տուն` Թիֆլիս, Երևան, Կարս: Նա դեռ չէր որոշել, թե Անդրկովկասում որտեղ կապրի սովետական կարգերի հաստատումից հետո: 

1920թ. 11-րդ բանակը մոտենում է Բաքվին, ապրիլի 28-ին` մտնում քաղաք: Այստեղ էլ նա հանդիպում է այն ժանդարմական սպային (կարմիր հրամանատարի նոր համազգեստով, հրամանատարական կրծքագոտիներով), որը նրան խորհուրդ էր տվել, թե խանո՛ւմ, կգնաս Ռուսաստան և հեղափոխություն կանես»...

Նույն թվի աշնանը Թամարան առաջադրանք ստացավ անլեգալ անցնել Թիֆլիս: 1921թ. մարտին նա արդեն Թիֆլիսում էր և ծառայում էր բանակի հատուկ բաժնում: 1922թ. օգոստոսին նրան ուղարկում են Երևան:

Հատկապես նրան զայրացնում է տեղական կառավարության վերաբերմունքը Սարդարապատի երեկվա հերոսների նկատմամբ, որոնց  հալածում էին ինչպես հանցագործների, բռնում և բանտ էին նստեցնում, աքսորում հյուսիս:

Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում օրը ցերեկով: Հանդիպելով Գևորգ Աթարբեկյանին` նա շպրտում է իր չեկիստի վկայականը և դուրս վազում: 

Հետո նա ընդունվում է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտ, ավարտելուց հետո` մնում ասպիրանտուրայում: Ստեփան Շահումյանի անվան կուլտուրայի տանը նրան մոտենում է իրենց ընտանիքի հին բարեկամներից մեկի որդին` Հարզաս Արեշյանը, որն ավարտել էր զինվորական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը:

Վերջինս խնդրում է նրան ֆրանսերենից թարգմանել մի փոքրիկ գրքույկ: Ահա այսպես է Թամարան ծանոթանում իր ապագա ամուսնու հետ: Նրանք ամուսնանում են Թիֆլիսում:

Թամարայի ամուսնուն աշխատանքի են նշանակում Թեհրանում` որպես ռազմական կցորդի օգնական: Թամարա Օսիպովնան դեսպանությունում բժշկուհի էր: Շուտով Թամարան որդի է ունենում, որին կոչում են պապի անունով` Վասիլի: 1931թ. ամուսինը վերադառնում է Թեհրանից և նոր աշխատանքի է անցնում Պաշտպանության ժողկոմում: Այդ ժամանակ կուսակցության մեջ սկսվում է հերթական զտումը:

Թամարային առաջարկում են կենսագրության մեջ շտկել 2 կարևոր պահ. «Չի սազում, իբր թե, կուսակցության անդամին հպարտանալ Սարդարապատի ճակատամարտում մասնակցություն ունենալով, ճակատամարտ, որը ամրապնդել է դաշնակների իշխանությունը, չի սազում իբր թե, պարծենալ իր իշխանական ծագմամբ, սրան տեսեք «կապույտ արյու՜ն է»...

Թամարա Օսիպովնան զայրալի նամակով դիմեց կուսակցության Կենտկոմին: Մի՞թե Սարդարապատի պատերի տակ կռվելով թուրք մարդասպանների, բռնացողների դեմ նա ամրապնդել է դաշնակների իշխանությունը, մի՞թե նա ժողովրդի համար չի կռվել:

Կուսակցության զտումը նա անցավ: Ամուսնուն նորից ուղարկում են արտասահման: Եվ նա գնում է մենակ: Նրան այլևս վիճակված չէր վերադառնալ: 

Այս ժամանակահատվածում ծնվում է նրանց աղջիկը, որին հայրն այդպես էլ չտեսավ: Ըստ լուրերի, Հարզաս Արեշևին ետ էին կանչել Մոսկվա, ձերբակալել էին հենց կայարանում:

Միայն ամիսներ հետո հայտնի դարձավ, որ գնդակահարել էին որպես «սովետական իշխանությունը տապալելու նպատակով ստեղծված պրոֆաշիստական խմբի մասնակից»: Միաժամանակ անհետանում է նաև հին չեկիստ Արտավազդ Կարաօգանովը, որի հետ Թամարա Օսիպովնան շարունակում էր իր բարեկամությունը: 

1937թ. մայիսյան մի գիշեր Թամարային ձերբակալում են` խաբեությամբ տնից հանելով: «Տականքնե՛ր, թու՛յլ տվեք երեխաներին հրաժեշտ տամ» ,-ասում է Թամարան: Սակայն նրան պատասխանում են. «Քո վիժվածքների հետ ոչինչ էլ չի լինի… Ձեզ բոլորիդ էլ սպասում է Վալենտինա Միխայլովնան…»: 

Թամարան ցնցվեց. «Վալենտինա Միխայլովնան» նրանց լեզվով նշանակում էր բարձրագույն պատժաչափ: Նրան փակում են ՆԺԳԿ-ի ներքին բանտում` Լուբլյանկայում: Հետո նրան տեղափոխում են Բուտիրյան բանտի 6-րդ խուցը: 

Խցում նա հիշում է քննիչ լեյտենանտ Շիրինկինի խոսքերը. «Ստորագրի՛ր, գարշելի՛ էակ, կստիպեմ, կփտեցնեմ… երեխաներիդ էլ»...
Քննիչը նրան տեղափոխում է նույն բանտի Պուգաչևյան աշտարակի մենախուցը: 312 օր ու գիշեր նա անցկացնում է մենության մեջ հաշվելով օրերը, որից հետո կորցնում է օրերի հաշիվը: 

Թամարա Բեհբութովան իր կյանքի 10 տարիներն անցկացնում է Կարագանդայի բանտում` կանանց ճամբարում: 
Միայն 1947թ.  նրան հանկարծ ազատ են արձակում: Հետագայում նա տեղեկանում է, որ իրեն ազատողը եղել էր անվնաս մնացած փոքրաթիվ չեկիստներից մեկը:

Ազատության մեջ Թամարան ստացավ երկու հարված միանգամից. որդին դեռ 1937թ. «հրաժարվել էր ժողովրդի թշնամի ծնողներից»` վերցնելով Նեիզվեստնի ազգանունը: Նա ընդունվել էր Բաումանյան բարձրագույն ուսումնարանը: Երբ սկսվել էր պատերազմը, կամավոր մեկնել էր, դարձել ավագ լեյտենանտ և հերոսի մահով զոհվել Կարպատներում: 

Թամարան աղջկան այդպես էլ չի գտնում: Ասում էին, թե նրան տեսել են Աստրախանի հատուկ մանկական ճամբարում: Թամարան մնաց Մոսկվայում: Նրան մասնագիտությամբ աշխատանքի չէին վերցնում: Նրան օգնում են հին ծանոթները, տեղավորում են բակապան աշխատելու:

Թամարան փորձում է վերականգնվել կուսակցության շարքերում: Գրում է կուսակցության Կենտկոմ: Լռություն: Գրում է մարշալ Վորոշիլովին, որին գիտեր անձամբ: Որպես պատասխան՝ նրան են այցելում երկու զինված չեկիստների:

Ինչպես առաջին անգամ, այս անգամ ևս նրան չեն դատում, բայց տալիս են ևս 10 տարի պատժաժամկետ` աքսորելով Վորկուտա: Այստեղ էլ նրա ուղեկիցը դառնում է քաղաքացիական պատերազմի լեգենդար հերոս Գրիգոր Խախանյանի այրին` Էմմա Պարունակյանը: 

1954թ. հոկտեմբերի 4-ին Թամարա Օսիպովնան ազատվում է և վերադառնում Մոսկվա: Կես տարի անց նրան արժանացնում են անհատական թոշակի և կարմիր կազմով տոմսի՝ նրա ամբողջ կյանքի գնահատականը: 

1978թ. աշնանը Թամարա Օսիպովնան այցելում է Սարդարապատի հուշահամալիր: 
Երբ նրան խնդրել են պատմել Սարդարապատի մարտերի մասին, նա ասել է. «Բայց այ թե ինչն է ավելի ծանր. ախր այն ամենը ինչի մասին պետք է ասեմ ես նորից պետք է ապրեմ, և դրանից սիրտս նորից ցավում է»...

Տեղեկությունները տրամադրել են «Սարդարապատ» ժողովրդագրական պետական թանգարանի աշխատակիցները:

Նուբար Գրիգորյանի լուսանկարը՝ Hetq.am-ի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ