News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Նշելով, թե տեղյակ է, որ տիկին Ալվարադոյի այցը նախատեսված էր ավելի վաղ՝ ս.թ. ապրիլի 24-ին, որը հետաձգվեց Էկվադորում տեղի ունեցած եւ մարդկային բազում զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի պատճառով, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Էկվադորի բարեկամ ժողովրդին եւ հույս հայտնել, որ էկվադորյան իշխանություններին կհաջողվի հնարավորինս կարճ ժամկետներում ամբողջովին վերացնել երկրաշարժի հետեւանքները:

ՀՀ նախագահը Ռոսանա Ալվարադոյի այցը Հայաստան երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման վկայություն է համարել եւ ողջունել Էկվադորի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ ձեւավորելու մտադրությունը, որը, Հանրապետության նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի սերտացմանը եւ արդյունքում՝ միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Ռոսանա Ալվարադոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ այս այցը շատ կարեւոր է իր երկրի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Էկվադորի սահմանադրության հիմնարար դրույթներից մեկն է՝ բարիդրացիական եւ լավ հարաբերություններ կառուցել աշխարհի բոլոր երկրների եւ ժողովուրդների հետ, ուստի իրենք շահագրգռված են եղբայրական ջերմ հարաբերություններ հաստատել բարեկամ հայ ժողովրդի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են փոխգործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:

Էկվադորյան պատվիրակության կազմում ողջունելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, ով Պարլատինոյում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի նախաձեռնողներից է, նախագահ Սերժ Սարգսյանը նրան եւ այդ նախաձեռնության բոլոր հեղինակներին իր խորին երախտագիտությունն է հայտնել, նշելով, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում ներդրված ջանքերը:

Նախագահը հաջողություն է մաղթել Էկվադորի խորհրդարանական պատվիրակությանը եւ հույս հայտնել, որ այն երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զգալի խթան կհանդիսանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ