News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում զոհված վանաձորցի 19-ամյա Հայկ Մինասյանի հարազատ կրթօջախում՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում այսօր հնչեց վերջին զանգը: Շրջանավարտները  քոլեջին հրաժեշտ տալուց առաջ հիշեցին նաեւ առաջնագծում զոհված Հայկին:

«Շատ երիտասարդներ ոգեւորված՝ հայրենասիրական ոգով կռվեցին ու նահատակվեցին: Նրանցից մեկն էլ մեր քոլեջի սանն էր՝ քաջարի հայրենասեր, խիզախ երիտասարդ Հայկ Մինասյանը, ով սիրվել էր իր դասախոսների ու ընկերների կողմից:  Նրա մասին ասում են, որ սիրում էր երգել «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն» երգը: Մենք խոնարհվում ենք նրա ու այն երիտասարդների առաջ, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը»,- ասում էին շրջանավարտները:

Հայկի ուսանելու տարիներին քոլեջի տնօրեն աշխատած Լիլյա Աբրահամյանն այսօրվա Վերջին զանգի ողջ միջոցառման ընթացքում արցունքն աչքերին էր հետեւում միջոցառմանը:

«Այսօր անընդհատ մտքիս Հայկն է եղել, աչքիս առաջ: Ամենածանր կորուստն է, որ մենք ունեցանք: Գիտեք ի՞նչ հիշեցի, որ Վերջին զանգին բոլորը սպիտակ վերնաշապիկով էին, միայն Հայկն էր սեւ վերնաշապիկ հագել:

Մենք բոլորին պարտադրել էինք այդ օրը սպիտակ վերնաշապիկով գալ: Ես ճիշտն ասած շատ բարկացա, որ տեսա սեւ վերնաշապիկ: Ասեցի՝ Հայկ, ինչո՞ւ ես սեւ հագել: Ասեց՝ ես սպիտակ երբեք չեմ հագնում, չեմ սիրում: Այդպես էլ չհասկացանք…

Այնքան տպավորված է անգամ  մեր այդ օրվա վեճը: Վերջին զանգից առաջ մենք վիճեցինք: Նույնիսկ մոտ ապրող տղաներից մեկին ուղարկեցինք սպիտակ վերնաշապիկ բերի, որ հագնի, չհագավ: Ծայրին էր կանգնում, ասում էր՝ ես չեմ երեւա, եթե ձեզ դուր չի գալիս, թող իմ սեւը ձեր աչքին չերեւա»,- պատմում է Լիլյան, ով նաեւ Հայկի հարեւանուհին է:

Առաջին բանը, որ Հայկի մասին խոսելիս նշում են բոլոր ծանոթները, նրա հումորի անսպառ պաշարն էր:

«Ամեն մի կադրը ուղղակի աչքիս առաջ է, իր հումորները, իր ժպիտը: Ամեն բառի մեջ ապրում էր ինքը, սիրում էր ապրել»,- նշում է Լիլյան:

Տպել
Ամենաշատ