News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Արտակ Պետրոսյանը Լոռու մարզի Մեծավան համայնքից էր: Նրա սովորած  Մեծավանի թիվ 2 դպրոցում վաղը կհնչի Վերջին զանգը: Կարեւոր միջոցառման ընդառաջ այսօր արդեն վաղվա շրջանավարտներն այցելել են հերոսի շիրմին, ծաղիկներ դրել ու խնկարկել նրա հիշատակին:

Հերոսի սովորած դասարանում դասղեկ Արմենուհի Սիմիկյանի կողմից ստեղծվել է անկյուն: Ավելի ուշ՝ դպրոցի ռազմագիտության կաբինետի վերանորոգման աշխատանքներից հետո կաբինետը կանվանակոչվի Արտակ Պետրոսյանի անունով:

5-րդ դասարանից դասղեկություն արած ուսուցչուհին սիրով է հիշում իր սանին. «Հոյակապ երեխա էր, հոյակապ աշակերտ: Կյանքը սիրող, իրոք՝ կյանքով լեցուն, բարի հոգատար, ընկերասեր, համբերատար: Ինքն իրենով դրական էմոցիաներով աշակերտ: Կյանքով լեցուն էր, սիրում էր կյանքը, բայց հայրենիքի համար փաստորեն չափսոսեց իր կյանքը:

Երբ ինչ-որ հարցեր էինք քննարկում դասարանում, ինքը չէր երեւում, չէր նկատվում, շատ քիչ էր խոսում, բայց ամեն ինչ անում էր, որ ծրագրվածը ստացվի:

Հիշում եմ, մի անգամ դպրոցից գոնւմ էի տուն, ինքը նոր էր գալիս: Այդ օրն ուշացել էր չգիտեմ ինչու: Ուզում էի ջղայնանալ: Մոտեցա: Այնքան պայծառ ժպիտ ուներ, որ նայում էր, դու էլ ոչինչ չէիր կարողանում ասել… Հասա իր մոտ, ուզում էի մի բան ասել, չստացվեց: Ինքը նայեց իր լավ, բարի հայացքով ու թե՝ ընկեր Սիմիկյան, կներեք: Ասեցի՝ դե շուտ վազի, գոնե վերջին դասերին հասի: Ծիծաղեց ու գնաց: Այ, այդ ծիծաղը, այդ հայացքը մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ:

Դեմը հազվադեպ էր նստում: Միշտ նստում էր վերջին նստարաններին…»։

Տեսախցիկի առաջ այսպես է հիշում իր սանին դասղեկը: Ավելի ուշ՝ արդեն առանց տեսախցիկի Ա. Սիմիկյանը պատառիկներ է պատմում նաեւ Արտակի Վերջին զանգից: «Վերջին զանգը մոտենում էր, նախապատրաստական աշխատանքների մեջ էինք, փորձեր էինք անում: Բոլորի ասելիք խոսքերը բաժանել էի, միայն Արտակինն էր մնացել: Չէր գալիս փորձերին, սիրահարվել էր, նոր էր այդ աղջկան գտել: Աղջիկը գյուղի մյուս դպրոցից էր: Անընդհատ այնտեղ էր գնում: Մի օր վերջապես եկավ, թե՝ ընկեր Սիմիկյան խոսքս կտա՞ք: Կես կատակ, կես լուրջ բարկացա՝ կգնաս մյուս դպրոցից խոսքդ կվերցնես»,- պատմեց նա:

Տպել
Ամենաշատ