News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի թիվ 127 դպրոցի շրջանավարտները «Վերջին զանգի» միջոցառումը սկսեցին դպրոցի սան, ապրիլյան պատերազմում զոհված Գրիգորի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Գրիգոր Հարությունյանը ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Նա բանակ էր զորակոչվել ինը ամիս առաջ, ծառայում էր Ջրականում, դիպուկահար էր։

Գրիգորի դպրոցական կյանքի մասին հուշերը սակավ են։ Թեեւ նա պարկեշտ, կարգապահ, սովորող աշակերտ է եղել, բայց բազմանդամ ընտանիքի հոգսը թեթեւացնելու պատճառով ստիպված է եղել դասերից հաճախ բացակայել։

«Նա չէր տարբերվում ուրիշներից, խաղաղ հանգիստ երեխա էր՝ ծանր մանկություն ապրած։ Դժվար տարիները թողել  էին իրենց հետքը։ Խելոք, հանգիստ, համեստ էր։ Նա ավելի շատ սիրում էր պատմություն առարկան։ Ստիպված էր դպրոցին զուգահեռ աշխատել, դժվար կյանք էր ապրել երեխան, ափսոս»,-նեղսրտեց դպրոցի տնօրեն Նելսոն Էլոյանը։

NEWS.am-ի հետ զրույցում մայրն ասում է, որ չնայած հոգսաշատ կյանքին, լավատեսությունն ու ժպիտը նրանից անպակաս են եղել։ Բանակ է զորակոչվել ողջ եւ առողջ վերադառնալու, ընտանիքին թիկունք լինելու հավատով՝ապավինելով իր ձեռամբ նկարած եկեղեցու զորությանը, որը թալիսման է դարձել մոր համար։ Այն  սրբորեն պահպանվում է Գրիգորի թարմ ծաղիկներով զարդարված անկյունում։ Այստեղ մի թանկագին նվեր էլ կա՝  սիրած աղջկա նվիրած նկարը՝ վարդը։ 19-ամյա հերոսի սիրո մասին մայրը, քույրը, եղբայրները քիչ բան գիտեն։ Ասում են՝ զուսպ էր, սիրտը չէր բացում իրենց առջեւ, ավելին իմացել են Եռաբլուրում, երբ թափորի մեջ նկատել են սպիտակ մեխակներով, լացող աղջնակին։

Գրիգորն էլ Քյարամի պես բարեկարգ տան մասին էր երազում

Գրիգորն էլ Թալիշում զոհված Քյարամի պես բանակ է զորակոչվել՝ սրտում փայփայելով բարեկարգ  տանիք ստեղծելու երազանքը։ Մորը, երկու եղբորն ու քրոջը հրաժեշտ է տվել՝ հավատացնելով, որ բանակից վերադառնալուց հետո կիսափուլ տունը կվերանորոգի ու կապրեն հարեւանների պես՝ անձրեւից ու ցրտից  պաշտպանված։ Նրա երազանքների տունը պիտի լիներ Երեւանի Գաջեգործների 40 հասցեում գտնվող շենքի երրորդ հարկի բնակարանը, որն ուղղակի տարածք է՝ բետոնե հատակով, քանդած պատերով․․․ Այստեղ են տեղափոխվել յոթը տարի առաջ։ Մինչ այդ Անահիտը իր խնամքին մնացած չորս անչափահաս երեխաների հետ վարձով է ապրել։ Երբ ի վիճակի չի եղել բնակարանի վարձը վճարել,տարբեր կառույցներ է դիմել եւ որպես աջակցություն այս բնակարանն է ստացել, որտեղ ապրում է  առանց սեփականության իրավունքի։

Տասնամյակների չլուծված հոգսերին ավելացել է Գրիգորի կորստյան վիշտը, ինչը որդեկորույս մորն ուղղակի ուժասպառ է արել։ Հիմա էլ ուշք ու միտքը կրտսեր որդու՝ 17-ամյա Սերյոժայի ճակատագիրն է, որը քոլեջում է սովորում։ Հաջորդ տարի բանակ է զորակոչվելու, ուզում է՝ շատ հեռու չգնա, որ հաճախ այցելի նրան։ Ասում է, թե Գրիգորի՝ ավերակները տուն դարձնելու երազանքը հիմա էլ տանջում է Սերյոժային, որն ուզում է քոլեջը թողնել ու աշխատել, ինչը մոր սրտով չէ։ Ուզում է՝ որդին  կրթության վրա կենտրոնանա, լավ մասնագետ դառնա։ Հոգու խորքում հույս է փայփայում, որ քաղաքապետարանի աշխատակիցները հենց այնպես չեն այցելել իրենց։ Հայրենիքի համար կյանքը չխնայած 19-ամյա հերոսի անօգնական ընտանիքին մի գուցե ձեռք կմեկնեն` ավերակները տուն կդարձնեն։

Տպել
Ամենաշատ