News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. ««Անձամբ ես հեռու եմ նրանից, որ քեն կամ վիրավորանք պահեմ անսահմանափակ կամայականություն տարածողների հանդեպ: Ես միայն ափսոսում եմ, որ չեմ կարողացել  իսկական պայքար մղել այդ չարիքի դեմ: Կամականության եւ ինքնիրավչության հետ պայքարում ինձ պակասում էր մահացու մարտ մղելու ունակությունը»: Այս խոսքերի հեղինակը այլախոհ եւ խորհրդային կարգերի թշնամի չէր: Հակառակը` նա Խորհդային Միության հերոս էր, Լենինի շքանշանակիր, Հայրենական պատերազմում իրեն հոյակապ դրսեւորած գեներալ: Այդ` սպայի պատիվը բարձր պահող հրաշալի ռուս մարդու անունն էր Մատվեյ Շապոշնիկով:

Նրա մասին ինձ հիշեցրին ընկերներս` ի հակադրություն Համազասպ Բաբաջանյանի, որի արձանը վերջերս դրվել է Երեւանում: Մարշալ Բաբաջանյանը նույնպես խիզախաբար կռվել էր նացիզմի դեմ` դրսեւորել էր զորավարի բարձր հմտություններ, ինչի համար նա գուցե արժանի է արձանի (այլ հարց է, թե ինչպիսի՛):

Երկու զորավարների տարբերությունն արտահայտվեց Երկրորդ աշխարհամարտից հետո: Մեր հայրենակիցը կատարեց խորհրդային իշխանության անբարոյական, «մարդակեր» հրամանը` Հունգարիայում տանկեր հանելով Սովետի դեմ ապստամբած ժողովրդի եւ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ:  Իսկ գեներալ Մատվեյ Շապոշնիկովը հրաժարվեց կատարել նմանատիպ մի հրաման խորհրդային Նովոչերկասկ քաղաքում:

Դա տեղի ունեցավ 1962 թվականի հունիսին, երբ այդ քաղաքի բանվորները դուրս էին եկել տարերային ցույցի՝ իրենց կյանքի պայմանների կտրուկ վատթարացման դեմ: Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շապոշնիկովը հրաման էր ստացել տանկեր դուրս բերել բողոքող բանվորների դեմ, բայց գեներալը հրաժարվեց կատարել այդ հրամանը՝ ասելով. «ես չեմ տեսնում այն հակառակորդին, որի վրա ես պետք է հարձակվեմ մեր տանկերով»: Ավելին՝ սադրանքներից խուսափելու համար գեներալը հրամայել էր լիցքաթափել ինքնաձիգները եւ հանձնել զինամթերքը: Բանակի չմիջամտելու շնորհիվ Նովոչեկասկում զոհվել էր 26 հոգի:

Եթե Շապոշնիկովը կատարեր հրամանը՝ կլինեին հազարավոր զոհեր: 1956 թվականի աշնանը Հունգարիայում «Վիխր» օպերացիայի ժամանակ,  որին մասնակցում էր նաեւ Համազասպ Բաբաջանյանի գլխավորած 8-րդ մեխանիզացված բանակը, զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: Բաբաջանյանը հետո դարձավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ: Իսկ Շապոշնիկովին հեռացրեցին կուսակցությունից, զորացրեցին եւ նույնիսկ քրեական գործ հարուցեցին՝ «հակախորհրդային քարոզչություն» հոդվածով, քանի որ նա փորձում էր տարբեր հասցեներով նամակներ գրել Նովոչերկասկում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Մենք ընտրություն չունեինք, մենք հրաման էինք կատարում»,- ասում էին հազարավոր մարդկանց գազային խցիկներ ուղարկող նացիստական Գերմանիայի սպաները: Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ