Տրանսպորտի և կապի նախարարությունը վստահեցնում է, որ 25 օր հետո կմեկնարկեն Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Նախարարության լրատվական ծառայությունը տարածել է պարզաբանում, որում ասվում է, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։
«Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները»,- ասվում է պարզաբանման մեջ:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածը Հայաստանն Արցախին կապող ռազմավարական նշանակության ճանապարհ է, որը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: