News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարծիք չէ այն մտավորականների հետ, որոնք քննադատում են Երեւանի կենտրոնում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի արտաքին տեսքը:

Այսօր՝ մայիսի 28-ին, արձանի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ընդգծեց, որ իր համար հպարտություն է Երեւանի սրտում նման արձան ունենալը:

«Ամեն մարդ իր տեսակետն ունի։ Քանդակագործն ու ճարտարապետը Նժդեհի կերպարը տեսնում են այսպես, եւ կարեւոր է, որ Երեւան քաղաքում Նժդեհն իր տեղն ունեցավ»,- ասաց Տարոն Մարգարյանը։

Լրագրողների հարցին, թե ինչու արձանը չեն կանգնեցրել Նժդեհի հրապարակում, քաղաքապետը պատասխանեց. «Ժամանակին, երբ Նժդեհի հրապարակն անվանակոչել էին, այնտեղ արձան կար։ 2011 թ. ստեղծեցինք հանձնաժողով, եւ մրցույթ հայտարարվեց Նժդեհի արձանի համար։ Որոշում կայացվեց, որ այս այգում պետք է կանգնեցվի արձանը։ Դուք կհիշեք, որ 2013թ. այգին ամբողջովին բարեկարգվեց, եւ նախապատրաստեցինք Նժդեհի արձանի տեղադրումը»։

Տարոն Մարգարյանը վստահեցրեց նաեւ, որ այս տեղի ընտրությունը որեւէ առնչություն չունի ՀՀԿ գրասենյակին մոտ լինելու հետ, ավելի շուտ ընտրվել է Հանրապետության փողոցի եւ Հանրապետության հրապարակի հարակից այգու կոնտեքստում։

Հարցին, թե երեւանցիներն այս օրերին տեղադրում են 1960-1970-ական թթ. նկարներ՝ նշելով, որ հին Երեւանն ավելի գեղեցիկ էր, քաղաքապետն արձագանքեց, թե Երեւանը զարգացող քաղաք է  եւ մշտապես փոփոխությունների է ենթարկվում. «Ինձ համար Երեւանը մեկն է։ Երեւանը զարգացող քաղաք է, եւ մենք չենք կարող մնալ 1960-ական թվականների Երեւանը։ Իսկ տեսե՞լ եք 30-ականների Երեւանը»։

Հիշեցնենք, որ Նժդեհի արձանի արտաքին տեսքը կոշտ քննադատության է ենթարկվել մտավորականների կողմից:

Տպել
Ամենաշատ