News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գիրք է լույս տեսել ամերիկահայ առաջին միլիոնատիրոջ մասին: Այս մասին գրում է ամերիկյան Armenian Mirror-Spectator պարբերականը:

Հակոբ Պողիկյանն Օսմանյան Հայաստանից ԱՄՆ փոխադրված առաջին միգրանտներից էր: 1876 թվականին նա Ամերիկա է հասել առանց գումարի, բայց կարողացել է հարստանալ ավելի, քան ակնկալում էր՝ Բոստոնում գորգերի վաճառքով զբաղվելու արդյունքում միլիոնատեր դառնալով: Որպես բարերար՝ նա օգնել է ինչպես հայերին, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների:

Պողիկյանի զարմիկի թոռը՝ Հակոբ Դերանյանը, գրել է նրա կարճ կենսագրությունը, որը հրատարակել է Մասաչուսեթսի Հայկական մշակութային հիմնադրամը:

Նրա խանութի առաջին գնորդը եղել է ամերիկյան պոեզիայի դասական Հենրի Լոնգֆելլոն, որի միջոցով էլ Պողիկյանը ծանոթացել է Նոր Անգլիայի բազմաթիվ մտավորականների հետ:

Լոնդոնում Պողիկյանը ծանոթացել է նաեւ մարքիզ Սոլսբերիի հետ, որը երեք անգամ Անգլիայի վարչապետն է եղել, Ուիլյամ Գլանդթոնի հետ (վարչապետ է եղել չորս անգամ), ինչպես նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջեյմս Բրյուսի հետ՝ կապված Կիլիկիո կաթողիկոսության համար հոգեւորականներ պատրաստելու նախագծի հետ: Սակայն քաղաքական խնդիրների պատճառով նախագիծն իրականություն չի դարձել:

Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած կոտորածների ժամանակ Հակոբ Պողիկյանը դրամահավաք է կազմակերպել եւ Ամերիկյան Կարմիր Խաչի ղեկավարությանը համոզել օգնության առաքելություն սկսել տուժած շրջաններում: Նա անձամբ հանձնառություն է ստանձնել ավելի քան 90 հայերի համար, որոնք ԱՄՆ են եկել եւ որոնց պատրաստվել են Թուրքիա արտաքսել: Նրանց թույլատրել են մնալ ԱՄՆ-ում, իսկ ամերիկահայ մեկ այլ ձեռներեց՝ Բոստոնից Մոսես Գյուլեսյանը, հայրենակիցներին տեղավորել է իր ֆաբրիկայի շենքում:

Պողիկյանն ամերիկյան մամուլում հանդես է եկել նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ եւ տուժած հայերի համար օգնություն կազմակերպել:

Չնայած հայերին ցուցաբերած ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությանը՝ հայկական կուսակցությունները սկսել են սպառնալ Պողիկյանին՝ նրանից ֆինանսավորում պահանջելով: Պողիկյանը հրաժարվել է, եւ ոմանք կարծում են, որ 1903 թվականին նրա տան հրդեհումը կուսակցությունների վրեժի դրսեւորումն էր:

Պողիկյանի ժառանգության հիմնական մասը փոխանցվել է Վիլսոն Քոլեջին, քանի որ նա երեխաներ չի ունեցել: Այդ միջոցներով ցածր տոկոսադրույքով ուսումնական վարկեր են տրամադրվել կին ուսանողներին: Երկու տարին մեկ անգամ քոլեջում Պողիկյանական ընթերցումներ են անցկացվում՝ հայոց պատմության եւ մշակույթի թեմաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ