News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատ եմ ցանկացել գալ Հայաստան եւ հաղորդակից դառնալ հոգեւոր արժեքներին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ Օրլովի նահանգապետ տիար Վադիմ Պոտոմսկին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու վանական վարդապետ Իլիյ Նոզդրինը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի բարերար Սամվել Մովսիսյանը: 

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց Հայրապետն ուրախություն հայտնեց Հայ Եկեղեցու համար նվիրական տոնին` Ս. Էջմիածնի Կաթողիկեի ուխտի օրը, հյուրընկալելու Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը:

Վեհափառ Հայրապետը գնահատանքով հաստատեց նաեւ, որ ՌԴ իշխանությունների կողմից հայկական մեծագույն սփյուռքի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի շնորհիվ հայորդիները կարողանում են ազատորեն ապրել իրենց ազգային-հոգեւոր կյանքով:

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց երկու Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին, ինչպես նաեւ կրթական ոլորտում իրականացվող գործակցությանը:

Վանական վարդապետ Իլիյն ուրախություն հայտնեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ շատ է ցանկացել գալ Հայաստան եւ հաղորդակից դառնալ նրա հոգեւոր արժեքներին ու ժառանգությանը, որոնց միջոցով կենդանի է մնում քրիստոնեական հավատքը: Հայր Սուրբը խոսեց նաեւ հոգեւոր կյանքի կարեւորության եւ ներկա ժամանակներում քրիստոնեության հանդեպ տեղ գտնող հարձակումների մասին: 

Իր հերթին Օրլովի նահանգապետը հանդիպման առիթով շնորհակալություն հայտնեց` մասնավորապես անդրադառնալով հայ համայնքի հետ ձեւավորված սերտ կապերին եւ համագործակցությանը:

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով ու օրհնությամբ մաղթեց, որ բարեկամ երկու ժողովուրդների եղբայրական կապերը մշտապես զորանան, իսկ նրանց միջեւ առկա փոխգործակցությունը պսակվի նոր ձեռքբերումներով: 

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Տպել
Ամենաշատ