News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս ակցիան շատ խորհրդանշական է, որովհետեւ հասույթը տրվելու է ապրիլյան պատերազմի զոհերի երեխաներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով այսօր Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիային։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ ապրի, այդ նախաձեռնությունում իր լուման պետք է ներդնի: Ես բնույթով մարդասեր եմ, սիրում եմ օգնել մարդկանց, եթե հնարավորություն եմ ունենում, եւ ընդհանրապես բոլորս, եթե ունենք որեւէ մեկին օգնելու հնարավորություն, պետք է բաց չթողնենք դա»,- ասաց Կարինե Աճեմյանը: 

Պատգամավորը, որը բարեգործական ակցիայի ժամանակ պաղպաղակ էր վաճառում, երեխաներին մաղթում է անամպ երկինք, խաղաղություն: «Ես կուզեմ, որ այսպիսի ակցիաները քիչ լինեն` այն առումով, որ անապահով երեխաներ չլինեն: Մենք բոլորս ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր երեխաները անհոգ մեծանան եւ ապրեն բարեկեցիկ երկրում»։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ